Ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը․ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերը փոփոխվել են | Region

Ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը․ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերը փոփոխվել են

Մարտ 11,2026 14:41

Այս տարվա փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը։

Այսօր հրավիրած ասուլիսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնելով այդ փոփոխությունները, նշեց՝  կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 %, դաշինքների շեմը՝ 7 %-ից բարձրացել է 8 % եւ 10 %։

«Մինչեւ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքները 8 % շեմի ներքո են, երեք եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 %-ի շեմը պիտի հաղթահարեն»,-ասաց Հովակիմյանը։

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 մլն դրամից իջեցվել է 7,5 մլն-ի, իսկ դաշինքների դեպքում սահմանվել է 15 մլն դրամ։

«Սրա նպատակն այն է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն՝ գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ձևավորվեն խոշոր քաղաքական ուժեր, դա շատ կարևոր արդյունք կտա, առավել կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ինչը կնպաստի նաև ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,-ասաց Հովակիմյանը։

Ուժի մեջ մտած մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։  Հովակիմյանի խոսքով՝ նախկին օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձեւավորում, այս արգելքը վերացվել է, և նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին․«Եթե այդ ժամկետում այդ ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա ձեւավորելու։ Դրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին եւ ձեւավորեցին կոալիցիա։ Արդյունքում՝ առավել ձայներ ստացած ուժն այդ կոալիցիայից դուրս մնաց։ ԱԺ ընտրությունների պարագայում այս կարգը ևս առկա է»։

Մյուս  փոփոխությունը վեաբերում է այսպես կոչված լրացուցիչ մանդատների՝ բոնուսների ինստիտուտին։  Ըստ Հովակիմյանի՝ նախկինում դա 54 % էր, նոր կարգավորմամբ այն իջեցվել է 52%-ի․«Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն՝ եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող։ Բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52 %-ից, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ մինչև 52 %-ը լրացնելու չափով»։

Նորություններ