ԱՄՆ-ի և Իրանի լարվածության ֆոնին. Թրամփի անսպասելի որոշումը Իրանի հավաքականի վերաբերյալ | Region

ԱՄՆ-ի և Իրանի լարվածության ֆոնին. Թրամփի անսպասելի որոշումը Իրանի հավաքականի վերաբերյալ

Մարտ 11,2026 16:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրախ կլինի Իրանի հավաքականին տեսնել 2026 թվականի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը նշել էր, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանի ընտրանու մասնակցությունը ԱԱ-2026-ին հարցականի տակ է։ Ավելի ուշ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ մրցաշարը բոյկոտելու դեպքում Իրանին կարող է փոխարինել Ռուսաստանի հավաքականը։

«Ես հանդիպել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու աշխարհի առաջիկա առաջնության նախապատրաստական աշխատանքներն ու աճող ոգևորությունը մրցաշարին ընդառաջ, որի մեկնարկին մնացել է ընդամենը 93 օր։

Մենք խոսեցինք նաև Իրանում ստեղծված ներկայիս իրավիճակի և այն մասին, որ Իրանի հավաքականը որակավորվել է 2026 թվականի առաջնությանը։ Քննարկման ընթացքում նախագահ Թրամփը հաստատեց, որ Իրանի հավաքականին, իհարկե, հրավիրում են մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարին։

Մարդկանց միավորելու համար մեզ բոլորիս անհրաժեշտ են ֆուտբոլի աշխարհի առաջնության նման իրադարձություններ։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ ԱՄՆ նախագահին աջակցության համար. սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- գրել է Ինֆանտինոն սոցցանցերի իր էջերում։

Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի հավաքականն ընդգրկված է միևնույն խմբում Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի ընտրանիների հետ։ Այս խմբի բոլոր հանդիպումները նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում:

armsport.am

Նորություններ