Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
Հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն ուշագրավ տեղեկություններ է հայտնել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի՝ հաջորդ մրցաշրջանում միլանյան ակումբում մնալու հարցը դեռևս հաստատված չէ: Կողմերը վերջնական որոշում չեն կայացրել և պայմանագրի երկարաձգման կամ հնարավոր հեռանալու հարցին լրջորեն կանդրադառնան միայն մրցաշրջանի ավարտին: Ընդ որում, քննարկվում է նաև կարիերան ավարտելու տարբերակը:
Մորետոն հրապարակել է հայ ֆուտբոլիստի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները՝ մակագրելով այն հետևյալ կերպ.
«Մխիթարյանը դեռ վստահ չէ, որ հաջորդ տարի կմնա «Ինտերում»: Վերջնական որոշում դեռ կայացված չէ, կողմերն այն լրջորեն կքննարկեն մրցաշրջանի վերջում: Սակայն այս պահի դրությամբ դա ավելի շատ կապված է նրա հետ, թե ինչ է ցանկանում անել անձամբ Մխիթարյանը, որը նույնիսկ դիտարկում է խաղակոշիկները մեխից կախելու հավանականությունը: Ուշադրությո՛ւն, Մխիթարյանի ապագան «Ինտերում» դեռ որոշված չէ, և կողմերը կքննարկեն այն մրցաշրջանի ավարտին»,– Մորետոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը:
Սակայն իտալական մամուլում շրջանառվող այս պնդումները որոշակիորեն հակասում են այն մտքերին, որոնք անձամբ ֆուտբոլիստն արտահայտել էր այս լուրերից դեռևս երկու շաբաթ առաջ: Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ 37-ամյա կիսապաշտպանը բավականին հստակ էր խոսել իր ապագայի ու կարիերայի հնարավոր ավարտի մասին.
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ: Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»,– նշել էր Մխիթարյանը:
Ստացվում է բավականին հետաքրքիր իրավիճակ. մինչ ինսայդերները նշում են, որ խաղացողը դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, Մխիթարյանն ավելի վաղ վստահեցրել էր, որ նման մտադրություն դեռ չունի և ցանկանում է շարունակել ելույթները Քրիստիան Կիվուի գլխավորած թիմում։
Թե որքանով են հավաստի իտալական աղբյուրների պնդումները, և ինչ վերջնական որոշում կկայացնեն կողմերը, պարզ կդառնա միայն մրցաշրջանի ավարտին։
