Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ | Region

Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Մարտ 12,2026 15:25
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։
Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, և ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է տոմսերի ամրագրման գործընթացին:
Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, ում օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։
ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։

Նորություններ