Վերջապես քեզ տեսա․ Սոչիում հայ երկրպագուի և Էդուարդ Սպերցյանի հուզիչ հանդիպումը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Սոչի» — «Կրասնոդար» հանդիպումից առաջ հուզիչ ու կոլորիտային դրվագ է գրանցվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասնակցությամբ։
Երբ հյուրընկալվող թիմը ժամանել է Սոչի և մոտեցել հյուրանոցին, հայ կիսապաշտպանին հատուկ ընդունելության է արժանացրել մի տարեց հայ երկրպագու։ Պապիկը սպասել է ֆուտբոլիստին՝ ձեռքին պահելով միանգամից երկու պաստառ հետևյալ գրություններով․ «Էդի՛կ ջան, «Սևան» հայկական մշակութային կենտրոնը ողջունում է քեզ» և «Էդո՛, ցավդ տանեմ»։
Ավտոբուսից իջնող Սպերցյանին տեսնելով՝ երկրպագուն չի կարողացել զսպել հույզերը և ջերմորեն բացականչել է.
«Հարազատներս, ու՞ր է իմ գեղեցկադեմ Էդիկը։ Ցավդ տանեմ, վերջապես քեզ տեսա՜»։
Ֆուտբոլիստը սիրով արձագանքել է այս անակնկալ հանդիպմանը։ Նա գրկախառնվել է հավատարիմ երկրպագուի հետ, կարճ զրուցել, համատեղ լուսանկարվել և ինքնագիր թողել նրան։ Այս ջերմ դրվագը ֆիքսվել է տեսախցիկների կողմից ու արագորեն տարածվել սոցիալական ցանցերում՝ արժանանալով ֆուտբոլասերների մեծ ուշադրությանն ու դրական արձագանքներին։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 21-րդ տուրի «Սոչի» — «Կրասնոդար» մրցավեճը կայանալու է մարտի 14-ին՝ Երևանի ժամանակով՝ 14։45-ին։ Այս խաղից առաջ «Կրասնոդարը» գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Սոչին» գտնվում է վերջին հորիզոնականում։
