Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Սուրեն Աղաջանյանի փայլուն հաղթանակին | Region

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Սուրեն Աղաջանյանի փայլուն հաղթանակին

Մարտ 16,2026 14:47

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) փայլուն ելույթներ է ունեցել և նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ մրցաշարի ողջ ընթացքում աչքի ընկնելով անկասելի և գրագետ գոտեմարտերով։

Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեն էր։ Աղաջանյանին ընդամենը երկու րոպե պահանջվեց մրցակցի նկատմամբ լիակատար առավելության հասնելու համար. հանդիպումն ավարտվեց ժամանակից շուտ՝ 9։0 ջախջախիչ հաշվով։

Դեպի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանը տանող ճանապարհին Սուրեն Աղաջանյանը պարզապես անգերազանցելի էր։ Նախքան եզրափակիչ դուրս գալը, նա մեկը մյուսի հետևից տպավորիչ հաղթանակներ տոնեց՝ ժամանակից շուտ պարտության մատնելով Լեհաստանի, Դանիայի և Ֆրանսիայի մարզիկներին։

Հայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունից։ UWW-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել է հայ մարզիկի հաղթանակին և հրապարակել եզրափակչի տեսանյութը՝ կատարելով հետևյալ գրառումը.

«Սուրեն ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նվաճում է Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալը 60 կգ քաշային կարգում: Դիտե՛ք նրա ամբողջական եզրափակիչ գոտեմարտը UWW+-ում»։

Նորություններ