Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում | Region

Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

Ապրիլ 11,2026 16:31

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը խոստումնալից է դասավորվում Հայաստանի հավաքականի համար: Մեր թիմի բոլոր չորս ներկայացուցիչներն էլ վստահորեն հաղթահարել են որակավորման փուլի արգելքն ու նվաճել եզրափակիչի ուղեգրեր:

Հենացատկի վարժությունում հերթական անգամ իր բարձր կարգն է հաստատել Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքն ու առաջին հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ:

Նժույգ-թափերի վարժությունում մեդալների համար կպայքարեն մեր երկու մարմնամարզիկները՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Տղաները հաջողությամբ են հանդես եկել որակավորման փուլում և զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը:

Օղակների վարժությունում ևս Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը. Արթուր Ավետիսյանը գրանցել է երրորդ լավագույն արդյունքն ու ապահովել իր տեղը վճռորոշ փուլում:

Հիշեցնենք, որ այս նույն կազմով հայ մարմնամարզիկները տպավորիչ ելույթներ էին ունեցել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի նախորդ փուլում։ Այն ժամանակ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը հռչակվել էին մրցաշարի հաղթողներ և նվաճել ոսկե մեդալներ, իսկ Արթուր Ավետիսյանը կանգնել էր պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ արժանանալով արծաթե պարգևի: Եզրափակիչներում մեր մարզիկները կփորձեն կրկնել և զարգացնել այս հաջողությունը:

armsport.am

Նորություններ