Արթուր Դավթյան. Անգլիացին իր ցատկի բարդությամբ ինձ լուրջ մարտահրավեր նետեց
Ապաքինվել եմ, վնասվածքս ինձ չի խանգարում, ամեն ինչ լավ է: Անգլիացի մարմնամարզիկն իր ցատկերի բարդությամբ ինձ լուրջ մարտահրավեր նետեց: Բարդ է լինելու:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագն աշխարհի գավաթի հինգ փուլերից մասնակցել է երկուսին եւ նվաճել երկու մեդալ՝ ոսկե եւ արծաթե:
«Աշխարհի գավաթի առաջին փուլին չմասնակցեցի ծնկիս վնասվածքի պատճառով: Կոտբուսում հենացատկի եզրափակիչին չմասնակցեցի, բայց հանդես եկա օղակների վարժությանը, որտեղ ոտքս ինձ չէր խանգարում: Հիմա վերականգնվել եմ: Ահագին ժամանակ է անցել, վնասվածքս լավ է, ապաքինվել է: Երկու գավաթի փուլերի մասնակցեցի ու լավ հանդես եկա: Եթե գլխավոր մարզիչը գոհ է մեր մասնակցությունից, մենք էլ ենք գոհ: Սխալներ կան, աշխատելու ենք շտկենք, որպեսզի Եվրոպայի առաջնությունում ավելի մաքուր կատարենք մեր վարժությունները:
Խորվաթիայում արծաթե մեդալակիր դարձա: Հաղթող ճանաչված անգլիացի մարմնամարզիկը երկու ցատկն էլ բարդ կատարեց: Եզրափակիչում երկրորդը չկարողացավ անել, բարդով հանդես չեկավ, բայց հասկացա, որ նա շատ լուրջ մարտահրավեր է նետել ինձ իր բարդությամբ: Երկու ցատկերն էլ բարդացրել էր: Միայն ինքն էր, որ բարդ ցատկեր կատարեց: Մյուս մրցակիցներիս գիտեմ, ով, ինչ ցատկ է անում: Միայն նրան կառանձնացնեմ: Մրցակցությունը մեծ էր:
Ասացի, որ ինձ լուրջ մարտահրավեր է նետել: Բարդ է լինելու ինձ համար, քանի որ նրա ցատկերը 4 տասնորդականով բարդ են: Ես պետք է ավելի մաքուր կատարեմ, որ իրենից բարձր գնահատական ստանամ, նաեւ կապված է, թե ինչպես ինքը կցատկի: Սա մարմնամարզություն է, ամեն ինչ կարող է լինել, կարեւորը քո իմացածը անես, մաքուր ցատկես»,- ասաց Արթուր Դավթյանը:
