«Իր գործողություններով ԱՄՆ-ն կործանում է այն, ինչ ինքն էր փորձում կառուցել դիվանագիտական ճանապարհով»․ Էմմա Բեգիջանյան | Region

«Իր գործողություններով ԱՄՆ-ն կործանում է այն, ինչ ինքն էր փորձում կառուցել դիվանագիտական ճանապարհով»․ Էմմա Բեգիջանյան

Ապրիլ 16,2026 21:01

Թրամփը կարող է հայտարարել մի բան, իսկ մեկ ժամ անց կամ կեսգիշերին Truth social-ի իր էջում գրել բոլորովին այլ բան։ Նա հայտնվել է շատ բարդ իրավիճակում։

Թրամփի՝ իր պարտականությունները կատարելու կարողության նկատմամբ հանրության վստահությունը հասել է նվազագույն մակարդակի։ Քանի որ Թրամփը սպառնում է ոչնչացնել ամբողջական քաղաքակրթություններ, քաոս է սերմանում Մերձավոր Արևելքում՝ խախտելով պատերազմի վերաբերյալ Կոնգրեսի լիազորությունները, ագրեսիվ կերպով վիրավորում է Հռոմի Պապին, համացանցում տարածում է իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատող պատկերներ, Միացյալ Նահանգները կանգնած են վտանգավոր եզրին։ Այս իրավիճակը կարող է ազդել հանրապետականների ընտրական հեռանկարների վրա, և դեմոկրատները կփորձեն օգտագործել դա։ RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Ըստ իրանագետի՝ երեկ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ՝ նախագահի հոգեկան վիճակը գնահատող անկախ հանձնաժողով ստեղծելու մասին։ Դեմոկրատ սենատորները Կոնգրեսից պահանջում են պաշտպանել ամերիկացի ժողովրդին գնալով ավելի անկանխատեսելի դարձող իրավիճակից և պահանջում են իմպիչմենտ։ Հանրապետականների ներսում առկա պառակտումը կարող են խորացնել նաև Թրամփի անկայուն որոշումներն ու հռետորաբանությունը, ինչը կարող է լրջորեն ազդել առաջիկա ընտրությունների վրա։ Վերագրելով իրեն հաղթանակը՝ Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը Իրանի հետ, որպեսզի հանրապետականները չպարտվեն առաջիկա ընտրություններում, թեև նա այլևս ընտրվելու շանսեր չունի։ Այս ամենը ուժեղ ճնշում է գործադրում Թրամփի վրա, և դա կարող է լինել նրա անկայունության գործոններից մեկը։

Էմմա Բեգիջանյանն ասում է, որ ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման մասին, իսկ երեկ հայտնել է համաշխարհային նավագնացության համար Հորմուզի նեղուցի լիակատար և անժամկետ բացման մասին։ Սահմանափակումների հանումը հնարավոր դարձավ Պեկինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ «Սա կարող է ճշմարիտ լինել և կարող է համընկնել Չինաստանի դիրքորոշման հետ, քանի որ այդ շրջափակումից ամենից շատ տուժում է հենց Չինաստանը։ Թեև Թրամփը հայտարարում էր, որ ծովային շրջափակման նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է, իրականում դա Չինաստանին վերահսկելու ԱՄՆ կարողության ստուգումն է։ Իրանական նավթի ավելի քան 90%-ը մատակարարվում էր Չինաստան, և ցանկացած իրական սահմանափակում կնշանակեր ուղիղ բախում չինական նավերի հետ։ Արդյունքում շրջափակումը դադարեց լինել Իրանի խնդիրը և վերածվեց ամերիկա-չինական դիմակայության»,-նշել է Էմմա Բեգիջանյանը։

Հիշեցնենք, որ իր պաշտոնական հայտարարության մեջ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ սահմանափակումների հանումը հնարավոր է դարձել Պեկինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Թրամփը շեշտել է, որ պայմանավորվածությունը հենվում է զենքի չտարածման վերաբերյալ Պեկինի երաշխիքների վրա։ Հենց Չինաստանի մասնակցությունը գործարքին ներկայացվում է որպես գրավական, որ Իրանը կպահպանի բաց ծովի ռեժիմը։ «Մենք աշխատում ենք միասին՝ խելացի և շատ հաջողված։ Մի՞թե սա ավելի լավ չէ, քան պատերազմելը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները դեռևս պատրաստ են կիրառել ռազմական ուժ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը «ամբողջությամբ իրականացված է», և Իրանի ծովային առևտուրը, որը կազմում է երկրի արտաքին առևտրի շուրջ 90%-ը, դադարեցված է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամերիկացի զինվորականները Օմանի ծոցից հետևում են, թե ինչպես են նավերը դուրս գալիս իրանական նավահանգիստներից, և երբ դրանք անցնում են Հորմուզի նեղուցով, փակում են նրանց ճանապարհը և ստիպում վերադառնալ։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Իրանը, շրջափակումը շրջանցելու համար, մտադիր է օգտագործել այլ նավահանգիստներ։ Իր հերթին, իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ չնայած ամերիկյան շրջափակմանը, պատժամիջոցների տակ գտնվող երկու իրանական տանկեր հատել են նեղուցը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են վերսկսել բանակցությունները, և այժմ այդ հարցով քննարկումներ են ընթանում։

Ըստ իրանագետ Բեգիջանյանի՝ պատերազմը Իրանի դեմ, ըստ էության, Իսրայելի պատերազմն է, այլ ոչ թե Ամերիկայի։ Նրա խոսքով՝ «հենց որ Իսլամաբադում սկսվեցին բանակցությունները, Իսրայելը, դրանք տապալելու համար, լայնածավալ հարձակում սկսեց Լիբանանի վրա, ինչի հետևանքով զոհվեց 380 մարդ։ Այլ կերպ ասած՝ Իսրայելը չի հասնում իր նպատակներին Իրանի հարցում. նա ձգտում է մասնատել Իրանը կամ այն վերածել ռազմադաշտի, այսինքն՝ ոչնչացնել այն Ամերիկայի աջակցությամբ, ոչնչացնել Իրանի ողջ կենսական նշանակության ռազմական տեխնիկան»։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նշում է Բեգիջանյանը, դուրս է գալիս ԱՄՆ-ի և Իրանի միջև պարզ դիմակայության շրջանակներից։ Նա խոսքով՝ Իսրայելի գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բանակցությունների տապալմանը և տարածաշրջանի ապակայունացմանը, վկայում են հակամարտության սրման հարցում նրա սեփական շահագրգռվածության մասին։

Բեգիջանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն, հայտարարելով Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման մասին, իր նպատակներն է հետապնդում։

«Ինչպես հայտարարել է Թրամփը, Սպիտակ տունը Իրանի ափերի մոտ նավերի գրավման որոշումը ներկայացնում է որպես տեղաշարժի անվտանգությունն ապահովելու ձգտում։ Նեղուցն արգելափակելու Թրամփի ծրագիրն էլ ավելի կսրի լարվածությունը և կմեծացնի ավելի լայնածավալ հակամարտության ռիսկը։ Սակայն Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակման մասին՝ Իրանի հետ պայմանավորվածությունների համաձայն։ Այժմ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանը կորոշի օգնել Իրանին զենքով։ Չնայած ամերիկացիների կողմից հայտարարված շրջափակմանը՝ երեքշաբթի օրը չինական տանկերը անցել է Հորմուզի նեղուցով»,-ասում է Էմմա Բեգիջանյանը։

Նա հավելում է, որ «ամերիկյան շրջափակումը չգործեց, և տանկերի ազատ տեղաշարժը դիտվում է որպես շրջափակման անարդյունավետության ապացույց։ Բացի այդ, պետք է նշել, որ Վաշինգտոնը պատրաստվում էր Պեկինի հետ խոշոր տնտեսական համաձայնագրի, սակայն հանկարծակի հայտնվեց նրա հետ առճակատման մեջ Հորմուզում։ Իր գործողություններով ԱՄՆ-ն կործանում է այն, ինչ ինքն էր փորձում կառուցել դիվանագիտական ճանապարհով»։

Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ Իրանի հետ հակամարտությանը մասնակցությունը հանգեցրել է նրան, որ Իրանը այս 40-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրել է բազմաթիվ ամերիկյան ռազմաբազաներ։

«ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում. մինչև երկշաբաթյա զինադադարի ավարտը հակամարտության գոտի են ուղարկվում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումները, ինչպես նաև դեսանտային խումբ և ավիակիր հարվածային խումբ։ Այժմ Իրանի դեմ ցամաքային զորքերի մուտքը ԱՄՆ-ի համար կունենա անկանխատեսելի հետևանքներ։ Իրանցի զինվորականները հայտարարել են, որ երկրի նավերին ուղղված ցանկացած սպառնալիք և Իրանի նավթային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտման սկիզբ։ Իրանը պայքարելու է մինչև վերջ, իրանցիների հայրենասիրությունը շատ բարձր է։ Այսօր բոլորը, նույնիսկ ընդդիմությունը, որը վճռականորեն տրամադրված էր կառավարության դեմ, պաշտպանում են հայրենիքի շահերը և պայքարելու են մինչև վերջ»,-ասում է Բեգիջանյանը։

Իրանագետը նշում է, որ հրադադարը անհրաժեշտ էր երկու կողմերին էլ վերազինվելու և իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար։ Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, դա կարող է լինել քայլ առաջ։ Միջնորդների աջակցությամբ կողմերը փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և համաձայնության գալ մինչև ապրիլի 21-ը, այսինքն՝ մինչև հրադադարի ռեժիմի ժամկետի լրանալը։ Սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների արդյունքները կանխատեսելը շատ դժվար է։ Դժվար է հավատալ, որ հարցերը կլուծվեն առաջիկա օրերին, թեև երկխոսության շարունակման փաստն ինքնին կարող է ծառայել որպես դրական ազդանշան։

«Շատ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կարող է հանգեցնել նույնիսկ ՆԱՏՕ-ի փլուզմանը, բայց դա քիչ հավանական է։ Այս պահին փաստը մնում է փաստ. Միացյալ Նահանգների բարեկամական հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամների և Եվրոպական միության հետ թուլացել են։ Այժմ Ամերիկայի մերձավոր գործընկերների, նույնիսկ բարեկամական Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները թուլանում են, իսկ Իտալիան և Իսպանիան սառեցրել են իրենց ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ինձ թվում է, որ Եվրոպայում, հավանաբար, սպասողական իրավիճակ է ստեղծվել. երբ անցնեն այս չորս տարիները, կգա ԱՄՆ այլ նախագահ, և հարաբերությունները կվերականգնվեն։ Կարծում եմ՝ նրանք արդեն գտնվում են նմանատիպ իրավիճակում։ Ընդհանուր առմամբ, միանգամայն հնարավոր է, որ Իրանի հետ պատերազմից հետո իրավիճակը և հարաբերությունները տարածաշրջանում և աշխարհում այլևս երբեք առաջվանը չլինեն»,-հայտարարում է Էմմա Բեգիջանյանը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ