«Իմ քաղաքական զգացողությունն ասում է, որ այդ երեք ուժերից ոչ մեկը ընտրություններում չի հաղթահարելու անցողիկ շեմը»․Փաշինյանն անդրադառնում է երեկվա իր՝ «շուն ու շանգյալ» ասածին
Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում արած իր հայտարարությանը։
«Ես չեմ կարող հավատալ, հազար ներողություն, եթե հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»,-երեկ խորհրդարանում ասել է Փաշինյանը։
Այսօր լրագրողի հարցին՝ արդյոք այս հայտարարությամբ ճնշում չե՞ք գործադրում այն քաղաքացիների կամարտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ընդդիմադիներին քվե տալ, Փաշինյանը պատասխանեց․«Ես ասել եմ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս, մարդկանց անվանում է ժեխ, շուն ու շանգյալ, բոշա, հետո ասում է՝ «մենք ընտրություններում հաղթելու ենք կամ հաջողություն ենք ունենալու» և ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողությո՞ւն ունենալ, և նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի քաղաքացիներին՝ այսպիսով իրենք պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպիսին։ Ես ասում եմ՝ չեմ կարող հավատալ․․․ նախ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալն ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին»։
Փաշինյանն ասա,ց որ շատ անհարգալից կլինի իր կողմից, եթե ինքը մտածի, որ ՀՀ-ում ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ ու այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։
«Ընդդիմությունը միայն այդ երեքը չեն, էլի կան, որոնք ո՛չ ժեխ են ասում, ո՛չ շուն ու շանգյալ։ Ընդհանրապես, ինձ համար ՀՀ քաղաքացիները ունեն ազատ կամարտահայտման իրավունք»,-ասաց վարչապետը։
Հարցին՝ իսկ եթե այդ ուժերը քվե ստանան, ի՞նչ կասեք նրանց քվե տվող քաղաքացիներին, Փաշինյանը պատասխանեց․«Իմ քաղաքական զգացողությունն ասում է , որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնող անցողիկ շեմը։ Երբ ես ասացի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, նրանք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին, դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ աղետի պոտեցիալ է ՀՀ-ի համար։ Եթե մեկը ձեզ այդպիսի խոսույթով ընկալի, կգնաք ու կքվեարկե՞ք»։
