American Airlines-ը հայտարարություն տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու միջադեպի վերաբերյալ
Ամերիկյան American Airlines ավիաընկերության ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն են տվել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին և նրա թիմակիցներին Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող չվերթից հեռացնելու միջադեպի վերաբերյալ։
Նախկինում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզիկին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել էին թռիչքին նախապատրաստվելու ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու պատճառով։ Սակայն, ինչպես պարզվել է, իրական պատճառն այլ է եղել։ Ծառուկյանն ու նրա ընկերներն ինքնաթիռի տեղաշարժման (գետնավարման) ժամանակ կանգնած են եղել միջանցքում և հրաժարվել են նստել իրենց տեղերը։ Անձնակազմի անդամները խնդրել են ուղևորներին զբաղեցնել նստատեղերը, ինչից հետո անտեսման պատճառով որոշում է կայացվել վերադառնալ նստեցման տեղամաս։
«Ապրիլի 16-ին American Airlines-ի 513 չվերթը վերադարձել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի նստեցման գոտի այն ուղևորների պատճառով, որոնք հրաժարվել են ենթարկվել դաշնային կանոններին։ Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, և մենք ակնկալում ենք, որ մեր ուղևորները կհետևեն անձնակազմի ցուցումներին, այդ թվում՝ կմնան իրենց տեղերում ինքնաթիռի տեղաշարժի ընթացքում»,- ավիաընկերության հայտարարությունն է մեջբերում MMA Fighting պորտալը։
Արդյունքում՝ չորս հոգի, այդ թվում՝ Ծառուկյանը, հեռացվել են չվերթից, իսկ ինքնաթիռը դրանից կարճ ժամանակ անց մեկնել է Ֆիլադելֆիա։
Հիշեցնենք, որ հայ մարզիկն ուղևորվում էր Ֆիլադելֆիա՝ մասնակցելու RAF 8 մրցաշարին, որտեղ կայանալու է նրա և ամերիկացի Յուրայա Ֆեյբերի գոտեմարտը։
