Մենք կլինենք խորհրդարանում. Մարուքյան
Իշխանությունը ունի քարտեր իր ձեռքում. Օրինակ, ասում է՝ ես բերել եմ խաղաղություն, ընդդիմադիր ուժերը ուզում են իրենք ավելի շատ դրանից ներկայացնեն ժողովրդին, ու ասում են՝ մենք ավելի լավ խաղաղություն ենք բերելու, ավելի կայուն, ու այդպես բառեր են ավելացնում խաղաղություն բառի հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իրենք վերցնում են Նիկոլ Փաշինյանի բառամթերքը, փորձում են դրանով իր դեմ կռվել։ Նրանք ի սկզբանե պարտված են, քանի որ ոչ հասկանում են, ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է աշխատում, ոչ պատկերացնում են՝ ինչ է ասում, ինչի համար, դա ինչ նեվրոլինգվիստիկ ազդեցություն է անում մարդկանց վրա, և իրենք, ըստ էության, հակադրվելով նրա թեզերի հետ, բազմապատկում են նրա թեզերի էֆեկտիվությունը, հզորացնում են նրա օրակարգը։
Կամ, օրինակ, ՔՊ–ն ասում է՝ Թրիփը զարգացնելու է, ներդրումներ է բերելու։ Ընդդիմադիր ուժեր կան, հոդվածներ են գրում, եթերներում ասում են՝ Թրիփը խաղաղության պայմանագիր է, ավելին ենք ուզում։ Այսինքն կա Նիկոլ, իրենք ուզում են ավելի շատ Նիկոլ լինեն։ Ժողովուրդը գիտի՝ ով է Նիկոլը, և եթե այդպես է, գնալու է իրեն ընտրի։
Դրա համար մենք մեր քարոզչարշավը բացարձակապես այլ ձևով ենք կառուցելու և դա տարբերվելու է այդ քննարկումներից։
Բոլոր ընդդիմադիր ուժերը ասում են՝ սրանք սովորական ընտրություններ չեն, բա եթե սովորական ընտրություններ չեն, ինչի՞ եք թոշակներից խոսում։ Եթե սա մեր ինքնությունը պաշտպանելու մասին ընտրություններ են, ի՞նչ թոշակ։ Դուք մտածում եք որ մարդ, որը մտահոգված է իր ինքնությամբ, ուշք ու միտքը թոշակի մասի՞ն է։
Համ ասում եք՝ ընտրությունները սովորական չեն, համ ասում եք՝ օրինակ, մենք առաջարկում ենք, որ պետական բուհերում կրթությունը լինի անվճար։ Իսկ լինելո՞ւ են պետական բուհեր, իսկ լինելո՞ւ է պետություն, իսկ ի՞նչ բուհեր են լինելու։
Մենք այդ իմաստով այդ դաշտ չենք մտնելու, ինչ թոշակ, ինչ դպրոց, ինչ բուհերում անվճար կրթություն։
Եթե իրենք ասում են՝ այս ընտրությունները պատմական են, կենսական նշանակություն ունեն պետականության համար ու դրանից հետո գնում են այդ տեքստերը ասում են, ուրեմն մարդկանց խաբում»,–ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով նրան, որ իրենց չհաջողվեց հասնել նրան, ու ընդդիմությունը միասնականմեկ ցուցակով մասնակցի ընտրություններին, Մարուքյանն ասաց, որ դրան խանգարեց նաև Գյումրիի ընտրությունները, շատ ընդդիմադիր ուժեր մտածեցին, որ ԱԺ ընտրություններում էլ կարող են առանձին մասնակցել, ընտրություններից հետո միավորվել։
«Հետևաբար մենք մեր դաշտը բաց չենք թողել, մեր էլեկտորատին բաց չենք թողել։ Մեր առաջարկած պրոդուկտը որևէ ուժ չի առաջարկելու։ Մենք կլինենք պառլամենտում և կկատարենք այն դերը, որը պետք է կատարենք»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ փոքր ուժերին մեղադրում են, որ նրանք փոշիացնելու են ձայները, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ասաց. «Ուժեր կան, որոնք մեկնարկային պայմաններում ունեն զրոյական ռեյտինգ, ուժեր կան, որ ունեն 1–3 տոկոս։ Այդ ուժերին ասել, որ ձայները կփոշիացնեք, մի քիչ աբսուրդի ժանրից է։ Ուժեր կան, որ կարող է քարոզարշավի մեջ մտնեն 7-8% ռեյտինգով, բայց վերջում 2%-ով դուրս գան, մենք ունեցել ենք նման փորձ։
Ձայների փոշիացման խոսակցությունը այն մասին է, որ եթե «Լուսավոր Հայաստանը» չմասնակցի, իրեն ընտրող մարդիկ գնալու են ընտրեն ուրիշ ընդդիմադիր ուժի։ Ես ձեզ ասում եմ՝ մեր պարագայում այդպես չի, մեր ընտրողները լավագույն դեպքում չեն գնալու ընտրության»,–ասաց Մարուքյանը։
