Ծանրամարտի ԵԱ. Այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի ԵԱ. Այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Ապրիլ 23,2026 10:27

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը (77 կգ) եւ Եվրոպայի Մ20 բրոնզե մեդալակիր Ալինա Սուքիասյանը (77 կգ):

Ռաֆիկ Հարությունյանի մասնակցությամբ 88 կգ քաշային կարգի А խմբում տիտղոսի համար կպայքարի 12 ծանրորդ: Ռաֆիկ Հարությունյանի նախնական հայտը երկամարտում 370 կգ է: Նույնքան են պատվիրել նաեւ Կոսովոյի ներկայացուցիչ Ռոստամի Կիանոուշը, ռուս Արտյոմ Օկուլովը, որը հանդես է գալիս չեզոք դրոշի ներքո: Ռաֆիկ Հարությունյանից 5 կգ պակաս հայտ է ներկայացրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը, որը ներկայացնում է Բոսնիան եւ Հերցեգովինան:

Ռաֆիկ Հարությունյանը Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր: 2022 թ. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (160+194): 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում 337 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (150+187): 2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 336 կգ արդյունք դարձել է բրոնզե մեդալակիր (154+182): 2025 թ. Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հարությունյանը երկամարտի 343 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (158+185):

88 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը: Երկուսն էլ հանդես կգան 77 կգ քաշային կարգի А խմբում:

Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Աննա Ամրոյանի նախնական հայտը երկամարտում 245 կգ է: Ալինա Սուքիասյանը 236 կգ հայտ է ներկայացրել: Ֆավորիտը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ժանետ Յիլիսոյնին է 250 կգ հայտով:

Աննա Ամրոյանը մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն ՝231 կգ (100+131):

Ալինա Սուքիասյանը 2023 թ. Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է՝ 185 կգ (85+100), Հայաստանի չեմպիոն:

Կանանց 77 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):  71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180): 79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):  Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119):

Հայասստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականից առաջնությանը կմասնակցեն նաեւ Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Բաթումիի մրցահարթակ դուրս կգան նաեւ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

Նորություններ