Աղետի և դիմադրության մաթեմատիկա. Վահե Հովհաննիսյան | Region

Աղետի և դիմադրության մաթեմատիկա. Վահե Հովհաննիսյան

Մարտ 27,2024 11:09

Շատ կարևոր է՝ ճիշտ պատկերացնել պետության քանդման և դա թույլ չտալու ռեսուրսները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Չպարտվելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք։ Համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին։

Նիկոլը մենակ չէ

  1. Կա իշխանություն, կան ուժայիններ, կա ԱԺ խմբակցություն։ Նկատի ունենանք, որ Արցախի հանձնումից հետո իշխանությունից գոնե մեկ հրաժարական չեղավ։
  2. Կա լուրջ մեդիա համակարգ՝ կոնկրետ քարոզիչների բանակ, որն ամեն ստոր պատվերի պատրաստ է՝ «հիտլերյուգենտների» համակարգ։
  3. Կա իշխանությունից օգտվող խավ, որը հոգու խորքում ցավ է ապրում, բայց իր անձնական օգուտը մինչև նախավերջին պահը գերադասելու է։

Դիմադրությունը

  1. Աժ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն
  2. Կան ընդդիմադիր պատգամավորներ, որ հանրային հարթակներում մշտական ներկա են և հանդես են գալիս գրագետ խոսքով։ Կան զգալի թվով պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, բայց վնաս էլ չեն տա։
  3. Կան տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ՝ սարսափազդու անուններով, բայց նրանց հավաքական էֆեկտը զրո է։
  4. Կա լավ ցանկ՝ հանրային գործիչների, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, գրագետ ձևակերպումներովփորձելով կանխել, զգուշացնել և առաջարկել՝ այսպես ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Նրանց թվում է նաև Աշոտյանը, որն անգամ բանտից շարունակում է ակտիվ լինել։
  5. Կան նոր ձևավորվող միավորներ, շարժումներ, որոնք առողջ ներուժ ունեն, բայց կայացման համար նրանց դեռ ժամանակ է պետք։
  6. Կա մեդիա, որը լուրջ աշխատանք է տանում։
  7. Կա եկեղեցի, նրա առանձին սպասավորներ, որոնք խղճի, հայրենիքի և մարդկության ամենօրյա բաց քարոզ են անում։
  8. Կա ժողովրդական զգալի զանգված, որը հոգու խորքում արդեն մերժել է Նիկոլին, բայց դեռ չի ընտրել որևէ մեկին։

Հարց առաջին.

Արդյոք Նիկոլն ու նրա համակարգն ունե՞ն բավարար ներուժ՝ պետությունը քանդելու։ Պատասխան. միանշանակ՝ ոչ։ Նրանց իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց։ Ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ, քանի որ արդեն զրկված է հասարակական իրական հենարանից։

Հարց երկրորդ.

Արդյոք դիմադրության ներուժը բավարա՞ր է թույլ չտալու համար երկրի կազմաքանդում։ Միանշանակ՝ ոչ։ Արցախի անարգել հանձնումը դրա ամենավառ ապացույցն է։

Ո՞րն է հույսը, լուծումը.

Լուծումը մի քանի իրողության հստակ ընկալման մեջ է։

  1. Նիկոլի այս պահի ռեսուրսն առավելագույնն է, այն մեծանալու որևէ հնարավորություն չունի։ Այս երկրում ով մարդկայնորեն ունակ է նրա հետ համագործակցելու, աշխատելու, արդեն արել է։ Մի քանի անուն ավել-պակաս բան չի փոխում։ Նա այս պահին ունի ոչ թե իր ներուժը մեծացնելու, այլ՝ իր թիմը պահելու խնդիր։ Իսկ նման խնդիրները սովորաբար վերջանում են թիմերի ֆորսմաժորային փլուզմամբ։
  2. Փոխարենը՝ աճի հսկայական ներուժ ունի դիմադրությունը։ Ուղղակի աչքիդ առաջ է ճիշտ աշխատանքի դեպքում դիմադրության բազմակի անգամ մեծացման ներուժը։ Հաղթանակի ներուժը։

Ճիշտ աշխատանքի էությունը

Դիմադրության և հաղթանակի ճիշտ աշխատանքի նկարագրությունը երկու պարզ կետից է.

  • Գրագետ աշխատանք
  • ազնվություն

Պետք է զգոն լինել՝ չտրվելու համար կառավարվող պրովոկացիաներին, և հնարավորինս խուսափել գուցե ազնիվ մղումներով արվող հիմարություններից։ Սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՄԵԿ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է պետությունը։ Սա պետություն ունենալու խնդիրն է»,- գրել է նա։

Նորություններ