ՌԴ պաշտոնյաների կոշտ հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ
«ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,-այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
«Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,-ասել է Տոլստոյը։
Նա նշել է, որ «Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ օրինակ՝ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»։
Այսօր ՌԴ-ից Հայաստանի վերաբերյալ այլ կոշտ հայտարարություններ էլ են հնչել։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ «Հայաստանն ամեն անգամ, չմասնակցելով ՀԱՊԿ հավաքներին, մտացածին պատճառներ է մատնանշում»։
Շոյգուն նաև ասել է․«Վերջերս հայկական կողմը նույնիսկ իրեն նեղություն չի տալիս և չի փոխում պատճառաբանությունը։ Մշտապես նույն պատճառն է նշվում՝ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին ՀԱՊԿ թույլ արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է։ Այն արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն դիմում են՝ այս կամ այն պետության վրա հարձակման պատճառով»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստում հայտարարել է․ «Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։ Սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար»։
Հիշեցնենք, որ Շոյգուն ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի գլխավոր սպառնալիքն է։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին ՀՀ ադրբեջանական ներխուժումներից հետո Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ պնդելով՝ ռազմական այս դաշինքը իր անդամ պետությանը չի պաշտխանել ինչպես սահմանված է դաշինքի կանոնադրությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է․«Մենք տրամադրված ենք տնտեսական զարգացման, հումանիտար զարգացման, մեր նպատակն է նաև փոխադարձ հարգանքի մթնոլորտում լուծել այդ տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների հետ կապված խնդիրները»։
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է․ «Մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը և երկրի ղեկավարության՝ Եվրամիություն անդամակցելու ուղղությամբ որդեգրած դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ ու օգտվում է այդ անդամակցության առավելություններից»։
