«ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, չարամտորեն փորձում են մանիպուլացնել մարդկանց»․Միրզոյան | Region

«ՀՀ-ում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, չարամտորեն փորձում են մանիպուլացնել մարդկանց»․Միրզոյան

Մայիս 26,2026 19:17

Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ արձագանքելով ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից շրջանառվող թեզը, թե իբր «առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են բնակեցվելու Հայաստանում»։

«Դե ինչ, ևս մեկ անգամ ասում եմ՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անմտություն է։ Ավելին՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես տարրական ուղեղի բջիջների մակարդակով չի հասկանում, թե ինչ է ասվում, կամ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, իհարկե, անօգուտ, սեղմել հասարակության համար ցավոտ կետերի վրա»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց․«Ես չգիտեմ՝ այդ մարդը (նկատի ունի«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյան, խմ․), որն անընդհատ այս անհեթեթությունը կրկնում է, նրա շահերի տեսանկյունից ո՞րն է ավելի լավ պատճառը, այն, որ ինքը դա կրկնում է, որովհետև չի հասկանում, թե՞ այն, որ ինքը կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի։ Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն»։

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե իսկ քանի՞ ադրբեջանցիների բնակեցման մասին է խոսք գնում՝ Միրզոյանը պատասխանել է. «Ոչ մի»։

Նկատենք, որ «300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու» մասին հայտարարություններ պարբերաբար անում են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը՝, մասնավորապես «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները, այդ թվոմ՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հերքում են այդ հայտարարությունները, վստահեցնելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում նման հարց երբեք չի քննարկվել ու չի քննարկվում ու նման օրակարգ չկա։ Այդուհանդերձ, ընդդիմադիր ուժերը շարունակում են շրջանառել այդ թեզը, նույնիսկ այդ թեմայի վերաբերյալ արհեստական բանականությամբ գեներացված նախընտրական հոլովակներ են պատարստում ու շրջանառում։

 

 

 

 

Նորություններ