Քարոզարշավի օր․«Հրեշի գլուխներ են ջնջխել», գերիների հարցով դիմել Լուկաշենկոյին, Պուտինին կամ Թրամփին ու Մակրոնին, Լյուդովիկ 14-րդին էլ են հիշել
Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 19-րդ օրն էր․փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացիական պայմանագիրն» իրենց վարչապետի թեկնածու ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կոտայքի մարզում էին։
«Այսօր տասնյալ լրտեսներ, գործակալներ բանտում են։ Այսօր Հայաստանում զինված գործողություններ պատրաստող անձինք գտնվում են կալանքի տակ։ Ինչքան էլ նրանք հոգևոր դասի ներկայացուցիչներ լինեն, մեզ համար կարևոր չի։ Նրանք փորձել են ՀՀ-ը ապակայունացնել, ՀՀ-ում սաբոտաժ անեն և բոլորը պետք է պատասխանատվություն կրեն»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա քարոզարշավին հայտնի մուրճը ցուցադրելով էր ելույթ ունենում։
Փաշինյանը կրկին ընդդիմադիրներին է անդրադարձել․«Այս պողպատե մանդատի hիմնական թիրախը դեռևս ազատության մեջ է և նրա անունն է Ռոբերտ Քոչարյան։ 2018 թվից ամեն օր մենք պայքարում ենք մաֆիայի դեմ։ 2021 թվականին նաև այս մուրճի գործադրմամբ մենք բազմագլուխ այդ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք, հասել է վերջին երեք գլուխը կտրելու և մաֆիան, պատերազմի կուսկացությունը, լրտեսական եռագլուխ կուսկացությունը Հայաստանից արմատախիլ անելու ժամանակը։ Այդ օրը հունիսի 7-ն է»։
Մեղրաձոր բնակավայրում Փաշինյանը խոսել է ՀՀ զինված ուժերից․«
Այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը»:
Սպառազինության մասին խոսելիս նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումից հետո միջազգային շուկաներում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվել զինտեխնիկայի ձեռքբերման հարցում։
Փաշինյանը Նոր Հաճնում էլ հայտարարել է՝ գնաճ է սպասվում, այդ երևույթը միշտ ուղեկցում է տնտեսական զարգացմանը․«Բայց մենք այսօր պարտավորվում ենք ինդեքսավորել միջին չափը, որպեսզի այն համապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին։ Մենք վստահ ենք, որ կկարողանանք դա անել։ Կենսաթոշակների բարձրացման բարդությունն այն է, որ Հայաստանում ապրում է ավելի քան 600 հազար թոշակառու, և կենսաթոշակը նույնիսկ 1000 դրամով բարձրացնելը նշանակում է բյուջետային ծախսերի աճ տասնյակ միլիարդավոր դրամներով»։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ արձագանքել է Փաշինյանի՝ բանակի մասին հայտարարությանը․«Ինչ հիմարություն ասես դուրս է տալիս և դա անում է նրա համար, որ իր խոստումներից չխոսի։ Դու երես ունե՞ս։ «Ավերակ անվանել այն բանակը, որը եղել է մարտունակ, որը անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ 12 հազար վիրավոր և հետո ասել, որ ավերակ է դա։ Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ՝ գուցե հիշողություն»,- ասել է Քոչարյանը։
Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է․«Ասում էր՝ Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի, Ղարաբաղի ողնաշարն է։ Հիմա Արցախ բառից խրտնում է։ Արցախը չկա, Ադրբեջանի դրոշը Կապանի վրա է, եթե ինքը մնաց, մի բացառեք, որ վաղը 1992 թիվն է կրկնվելու»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Վանաձորում հայտարարել է․«Մենք առաջարկում ենք մեր երկրում, Վանաձորում վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Ի՞նչ են մեզ պատասխանում։ Ասում են՝ չէ, դուք սխալ եք անում, Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել։ Ասում ենք՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել։ Ժողովուրդ, էս երկու բանն իրար հետ ի՞նչ կապ ունի։ Ասում ենք՝ վատ բառերով մի՛ խոսացեք Հայաստանի քաղաքացիների հետ, վատ բառեր մի ասեք՝ մեր եկեղեցուն, մենք գնում ենք եկեղեցի, մեր աղոթքն ենք կարդում, մեր եկեղեցին է։Ի՞նչ են մեզ պատասխանում՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ էս կանենք, էն կանենք։ Ժողովուրդ, ի՞նչ պետք է անեն, ի՞նչ պետք է անեն իրանք»։
Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր օր մասին հրապարակված նյութին է անդրադարձել․ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողները Կարապետյանին հարց են ուղղել «The insider» հեղինակավոր պարբերականի հրապարակման մասին, ըստ որի Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է նաև Ալինա Կաբաևան, ու այդ վիլլան գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով։
«Դա ռուսական The insider չէ, հաշվեք դա «Հայկական ժամանակ» է»,-ի պատասխան ասել է Կարապետյանը, ապա հացելել է, որ իր գնելուց հետո ոչ ոք այնտեղ չի ապրել․«Եթե իմ գնելուց առաջ ինչ-որ մեկն ապրել է, ես չեմ կարող մեկնաբանել։ Դա հազար տարվա պատմություն ունեցող վիլլա է, իրենց ասեք՝ Լյուդովիկ 14-րդն էլ է այնտեղ ապրել, հիմա ի՞նչ անենք»։
Անդրադառնալով ռուսական հատուկ ծառայությունների կատարած արտահոսքին, թե Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հեռացման ծրագրի մաս է կազմում և այդ նպատակով է Հայաստան եկել, Սամվել Կարապետյանը հեգնել է․ «Շատ լուրջ արտահոսք է, շատ։ Եկել եմ Հայաստան՝ ձեզ փրկելու, կոնկրետ ձեզ»։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ասել է՝մեկին կալանավորում են, 10-ը ավելանում են, 100-ն են ավելանում։
Որքա՞ն մարդ է մտադիր ընտրությունների համար ՌԴ-ից Հայաստան բերել, ռուսաստանաբնակ միլիարդատերն այս հարցին ի պատասպան էլ ասել է․«Ռուսաստանից միայն Փաշինյանն է մարդ բերում, մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ հնարավորություն։ Փաշինյանն ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ձայն հավաքի»։
Հարցին՝ եթե պարտվեն, հե՞տ են գնալու Ռուսաստան, Կարապետյանը պատասխանել է․ «Բայց մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք ինչո՞ւ ենք գնալու Ռուսաստան»։
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ու պանտանդառուների հարցին։
«Ինչքան ուզում ես մեծ-մեծ խոսի, բայց եթե քո զինվորները, գեներալները, նախագահներն այնտեղ են, ապա գլուխդ բարձր չես կարող պահել, ասել, պետք է այդ հարցով զբաղվել։ Կարելի է դիմել Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին, Էմանուել Մակրոնին․․․ Հնարավորության դեպքում, եթե դա իմ ձեռքում լինի, իրենք գերության մեջ մեկ ամիս էլ չեն մնա։ Չկա խնդիր, որ լուծում չունենա, միայն կա դատարկ-դատարկ խոսել կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Բանակցել կարող է ծանոթություն, շրջապատ ունեցողը»,-ասել է Ծառուկյանը։ Հավելել է՝ գերիներ ունենալու պարագայում չի կարող երաշխավորված խաղաղություն լինել։
ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն առանձնացրել է ԲՀԿ ծրածրում ընդգրկված 7 առաջարկ՝
🔸 կրկնակի կրճատել գույքահարկը.
🔸 ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027-ից փուլային տարբերակով այն դարձնելով 100 000 դրամ.
🔸 առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150 000 դրամ.
🔸 ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը.
🔸 պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բուհեր) 2028-ից դարձնել անվճար.
🔸 կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար.
🔸 հայտարարել համաներում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավի էր ԱԱԾ շենքի դիմաց: ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալ է համարում վերջին 1 տարում քրեական վարույթներով անցնող բոլոր անձանց․«Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են՝ սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ սրբազանի գործն էլ առաջիններից է եղել»,- ասել է Մարուքյանը։
Մարուքյանը իրավապահների հրապարակած որևէ ձայնագրության չի հավատում, նշեց՝ «հատկապես Բագրատ սրբազանի գործով կեղծված ձայնագրությունից հետո»։ Մարուքյանն ասել է՝ հիմա բոլորը գաղտնալսվում են, չնայած որ դա անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։
«Նոր ուժ» կուսակցությունն այսօր Սյունիքի մարզում էր։ Կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը և կուսակցության ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ բոլորին հորդորելով գնալ ընտրության։
Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Հերմինե Մկրտչյանն այսօր հայտարարել է․ որ ԱԺԲ աջակիցը բերման է ենթարկվել եւ ազատ արձակվել միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Չարենցավանում ավարտվել է։
«Ես ահազանգ ստացա Չարենցավանի մեր աջակիցներից մեկից, որ իրեն բերման են ենթարկել Մարտունիում։ Քիչ առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այցելել են Չարենցավան, նրա այցերի ժամանակ սովորաբար Բեւեռի աջակիցներին բերման են ենթարկում ինչ-որ ապօրինի մեղադրանքով, մի քանի ժամ պահում են, հետո բաց են թողնում, մինչեւ Փաշինյանը գնա։ Գեւորգ Հակոբյանն այսօր առավոտյան որոշել է, որ մի ամբողջ օր բաժնում չանցկացնի, Չարենցավանից կտրել, հասել է Մարտունի, որ իրեն այսօր բերման չենթարկեն։ Բայց Մարտունիում բերման են ենթարկել, ասել են՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով»,- պատմել է Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ Հակոբյանի մեքենայի եւ անձնական զննության արդյունքում որեւէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել, սակայն նրան միեւնույն է տարել են ոստիկանության բաժին ու 3 ժամ պահել։ Մկրտչյանի պպնդմամբ՝ իրենց աջակցին բաց են թողել միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը Չարենցավանից հեռացել է։
