Թեկնածուներն ընտրություններից առաջ ինչ են խոստանում գյումրեցիներին | Region

Թեկնածուներն ընտրություններից առաջ ինչ են խոստանում գյումրեցիներին

Մայիս 29,2026 17:05

Խորհրդարանակն ընտրությունների օրվան՝ հունիսի 7-ին մնացել է մոտ մեկ շաբաթ։ Նախընտրական քարոզարաշավի այս քսանից ավելի օրերի ընթացքում քաղաքական ուժերը մեծամասամբ զբաղված էին միմանց վարկաբեկելով, սպառնալով, վիրավորելով ու մեղադրելով։ Իհարկե, տեղ-տեղ էլ նախընտրական ծրագրերից էին խոսում։

Ամեն ընտրություններից առաջ, որպես կանոն, հնչում են տարբեր խոստումներ, հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիին էլ զանազան խոստումներ են տալիս, հետո՝ մոռանում։

Այս անգամ ընտրություններին մասնակցող 19 ուժերից մի քանիսն են իրենց նախընտրական ծրագրերում հիշել Գյումրին, որոշներն էլ բանավոր խոստումներ են տալիս, մեկ-երկուսն էլ այցելել են հանրապետության երկրորդ քաղաք, գովասանքի խոսքեր շռայլել քվե ստանալու համար։

Regions TV-ն ներկայացնում է Շիրակի մարզի ու Գյումրու վերաբերյալ նախընտրական ծրագրերով ամրագրված այն կուսակցությունների ու դաշինքների առաջարկները, որոնք անդրադարձել են աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող մարզին։ ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով խոստանում է՝

  • Ստեղծել 7 զբոսաշրջային կլաստերներ, որոնցից մեկը կլինի Գյումրին, մյուսները՝ Դիլիջան, Գորիս, Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Դվին:
  • 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում։
  • Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցում։

Այսքանն էր ծրագրում Գյումրիին վերաբերող կետերը։

Մայիսի 25-ին ՔՊ-ն քարոզարշավի էր Գյումրիում։ ՔՊ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  հունիսի 7-ից հետո Գյումրիում անցկացնելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «ժողովրդական իշխանություն հաստատելու նպատակով»։ Գյումրու խնդիրները տասնամյակներով չլուծելու համար իշխանությունը մշտապես մեղադրել է նախկիններին, վարջին շրջանում՝ Գյումրու ընդդիմադիր իշխանութուններին։ Վերջիններս էլ մշտապես դժգոհում են, որ կառավարության հետ չի ստացվում աշխատել, կենտրոնական իշխանությունը չի համագործակցում։  Փաշինյանն ու իր թիմն էլ պնդում են, թե Գյումրու քաղաքային իշխանություններն են թերանում, օրինակ են բերում  քաղաքի քանդուքարափ փողոցները, նշում են՝  որտեղ քաղաքապետարանի գործառույթներն են խայտառակ վիճակ է, որտեղ կառավարությանն է, օրինակ Գյումրի տանող ճանապարհները, հիմնանորոգված են։

Գյումրու տնակների մասին էլ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը խոստացել է՝ մինչև 2031 թվականը դրանցից կազատվեն, մինչդեռ նման խոստում Փաշինյանը  տվել իշխանություն գալուց կարճ ժամանակ հետո, ասել էր, որ տնակներից կազտվեն մինչև 2027-ը։ Գյումրիում տնակներում բնակվող  2000-ից ավելի ընտանիքներից այս յոթ տարիների ընթացքում ընդամենը 7 ընտանիքի են բնակարանի գնման վկայական տրամադրել ու մի քանի տասնյակ տնակ ապամոնտաժել: Հիմա Փաշինյանը տնակներում ապրողներին ասում է․«Եթե պետությունն ունի պարտավորություն, կարվի, եթե չունի, մենք ձեզ պետք է օգնենք, որ դուք աշխատեք, սեփական աշխատանքով տուն առնեք»:

«Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրող խոստանում է՝

  • Գյումրին պետք է դառնա 3 խոշոր կենտրոններից մեկը, որը պետք է կենտրոնցած լինի՝ տնտեսագիտության և մանկավարժության վրա։
  • Պետք է դառնա երկրորդ մայրաքաղաքը Հայաստանում։
  • Շիրակ օդանավակայան կլինի Զվարթնոց օդանավակայանին մրցակցող գլխավոր օդանավակայարան։
  • Ոռոգման ջուր․ կես հեկտարի համար 500 դրամ, մեկ հեկտարի համար 1000 դրամ, երկու և ավել հեկտարների համար 2000 դրամ։

«Հայաստան» դաշինքն էլ իր նպատակներն ունի կապված Գյումրու հետ, նրանք առաջարկում են՝

  • Տնակների և վթարային շենքերի խնիրների լուծում։
  • Օգնելու են փոքր գյուղատնտեսություններին։
  • Գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծում։
  • Բարձրացվելու են դասախոսների և ուսուցիչների աշխատավարձերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում Գյումրու վերաբերյալ խոստումների պակաս չկա։ Առաջարկում են՝

  • Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծում։
  • Փոքր և միջին բիզնեսի քաղաք. ստեղծել պայմաններ, որպեսզի Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելը լինի շահավետ։
  • Արդյունաբերական մայրաքաղաք. թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ է տալիսԳյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։
  • Լոգիստիկ կենտրոն. դեպիՎրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։
  • Հայաստանի մարզական մայրաքաղաք. նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է։
  • Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք. Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ։

Վերջերս Գյումրիում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն վերներկայացված նախընտրական ծրագրերին ավելացրել է ևս մի քանի առաջարկներ՝

  • Անօթևանության խնդրի իսպառ լուծում՝ պետական բնակարանաշինական ծրագրով։
  • Արտոնություններ կառուցապատողներին՝ սոցիալական քվոտայով։
  • Թափառող ու անտուն կենանդիների խնամքի կենտրոն մոդելային տարբերակով՝ երկրի բոլոր քաղաքների համար։
  • Քաղաքի վթարային ֆոնդի խնդրի իսպառ լուծում՝պահովելով անվտանգ բնակարանային պայմաններ՝ համաֆինանսավորման տարբերակով։
  • Տուրիզմի համակողմանի զարգացում՝ պետական աջակցության ապահովում։
  • Ենթակառուցվածքների կառուցում՝ ճանապարհներ, Գյումրու ավտոկայանի կառուցում։
  • Պետական սուբվենցիոն ծրագրերի խրարխուսում՝ համայնքային կյանքի որակի լավարկման նպատակով։
  • Կումայրի արգելոց թանգարանի շենք-շինությունների շինթույլտվությունների բյուրոկրատական ձգձգումների վերացում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին դրույթներ չկան Գյումրու զարգացման վերաբեյալ։ Սակայն այս ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանն օրերս հանդիպել է Շիրակի մարզի բնակիչների հետ, ու խոսել հանրապետության երկրորդ գլխավոր քաղաքի մասին։

«Գյումրին մեր պետության ամենակոլորիտային քաղաքն է, անունը դրել են հայրաքաղաք, բայց այդ հայրաքաղաքի մասին ոչ ոք չի մտածել։ Զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը, 5 տարվա ընթացքում կտեսնեք լուրջ փոփոխություններ։ Առաջին հերթին՝ մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, վերացնելու ենք տնակները։ Նորակառույց ոչ մի շենք դեռ Գյումրիում չի կառուցվել»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները վաղը Գյումրիում քարոզարշավի են, հավանաբար այդ ժամանակ կներեկայցնեն Գյումրին զարգացնելու իրենց ծրագրերը։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»  կուսակցությունն իր նախընտրական ծրագրում մի կետով առաջարկություններ է անում Գյումրի քաղաքին՝

  • Գյումրիում ստեղծվելու է` թեթև արդյունաբերական մեծ կենտրոն՝ կարի, տեքստիլի, կոշիկի, կահույքի, շինանյութերի արտադրությամբ։ Գյումրեցի երիտասարդը այլևս չի մեկնելու արտագնա աշխատանքի՝ իր ընտանիքը պահելու համար։ Գործարկվելու են`պետական մասնակցությամբ գործարաններ,որտեղ առաջնահերթ աշխատանքի են ընդունվելու գյումրեցի երիտասարդները, զոհված ու հաշմանդամ զինվորների ընտանիքների անդամները, երկար տարիներ գործազուրկ մնացած քաղաքացիները։
  • Գյումրին դառնալու է` Հայաստանի հյուսիսային տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Բացվելու են անվճար ուսումնական կենտրոններ՝ ծրագրավորման, ինժեներիայի, արհեստների ու արտադրական մասնագիտությունների համար։
  • Լուծվելու է տնակների հարցը։ Ոչ թե հերթական կեղծ ծրագրերով, այլ պետական պարտադիր ծրագրով։ Տասնամյակներով տնակում ապրող մարդը պետք է վերջապես ապրի մարդու նման պայմաններում։
  • Վերակառուցվելու են` Գյումրիի բակերը, փողոցները, ջրագծերը, լուսավորությունը, կոյուղին։ Ոչ թե ընտրությունից ընտրություն ասֆալտ լցնելով, այլ ամբողջական քաղաքաշինական ծրագրով։
  • Գյումրիում ներդրվելու է` հարկային արտոնությունների հատուկ ռեժիմ, որպեսզի ներդրողը շահագրգռված լինի արտադրություն բացել հենց Գյումրիում։
  • Գյումրեցի թոշակառուն չի ապրելու ողորմությամբ։ Քաղաքում գործելու են սոցիալական անվճար բժշկական կենտրոններ, դեղորայքային աջակցություն, մենակ տարեցների խնամքի ծրագրեր։
  • Աջակցություն է տրվելու` Գյումրիի մշակույթին, արվեստին, հումորին ու ինքնությանը։ Գյումրին պարզապես քաղաք չէ։ Դա հայկական ոգու առանձին աշխարհ է։

 

   Տիրուն  Մարգարյան

Նկարը ստեղծել է արհեսատական բանականությունը

Նորություններ