Պուտինը կրկին սպառնացել է ՀՀ-ին․«ԵԱՏՄ-ն լքելու դեպքում ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր ձեռք բերել ՌԴ-ում աշխատելու համար» | Region

Պուտինը կրկին սպառնացել է ՀՀ-ին․«ԵԱՏՄ-ն լքելու դեպքում ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր ձեռք բերել ՌԴ-ում աշխատելու համար»

Մայիս 29,2026 21:47

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղազախստան կատարած այցից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ու նորից սպառնալիքներ հնչեցրել։

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր ձեռք բերել»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում Հայաստանը պետք է մտածի, թե իր գյուղատնտեսական ապրանքներն ո՞ր շուկաներ են արտահանվելու․«Ազատ առևտրի համաձայնագրերին մասնակցությունը կփակվի»։

Նա նաև նշել է, որ եթե ՀՀ- ն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գա, ապա  ՌԴ-ն ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող ամբողջ աշխատանքը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ՌԴ նախագահն ասել է՝ Եվրոպան միայն խոստանում է 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ Հայաստանում, մինչդեռ Ռուսաստանն արդեն զգալի ներդրումներ է կատարել երկրի տնտեսության մեջ։

Նա կրկին սպառնացել է գազով, ասել է՝ Հայաստանը կբախվի նաև ռուսական էներգակիրների գների բարձրացմանը,  ընդ որում, նաև կանխատեսել է՝ այդ դեպքում  Հայաստանի ՀՆԱ-ն շուրջ 14 տոկոս անկում կունենա։

ՌԴ նախագահը Հայաստանին հորդորել է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել  ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Բացի այս, նա հավաստիացրել է, թե  ԵՄ-ին հետ մերձենալու ճանապարհին Երևանի ցանկացած տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի հետ հումանիտար կապերին։

«Ես Նիկոլ Վովաևիչին ասացի, որ այն ամենն, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար։ Արեք այն, ինչ կարծում եք, որ լավագույնն է, որը բխում է  հայ ժողովրդի շահերից։ Դուք հիմա իշխանության գլուխ եք, և որոշումներ կայացնելու պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի»,-ասել է Պուտինը։

Այսօր ԵԱՏՄ անդամ երկրների՝  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ  հայտարարությամբ են հանդես եկել,  որտեղ նշել են, որ «կիսում են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը», որ ավելի վաղ արտահայտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայտարարության համաձայն, որոշումը  կայացվել է՝ «հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները, այդ թվում 2025 թվականին «Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի՝ Ազգային ժ ողովի հավանությանն արժանանալը և նախագահի կողմից ստորագրվելը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը՝ արտահայտված Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի արդյունքներով 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված համատեղ հռչակագրում»:

Աստանայում կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովին հայկական կողմից մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հաստատել է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:

Իշխանությունը պարբերաբար պնդում է՝ Հայաստանը կմնա ԵԱՏՄ անդամ, քանի դեռ ԵՄ անդամակցության համար իրականացվող բարեփոխումները համատեղելի են դրա հետ։

Կրեմլը սկսեց Հայաստանի նկատմամբ կոշտ հայտարարություններով հանդես գալ այն բանից հետո, երբ մայիսի սկզբին Երևանում անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ ՌԴ-ն  վերջին շրջանում սկսել է, այսպես ասած՝ «տնտեսական պատերազմ» վարել, սահմանափակումներ է մտցրել հայկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ:

 

Նորություններ