Քարոզարշավի օրը․ Վանաձորում «դիվան քշեցին», Գյումրիում՝ աղոթեցին, Բերդավանում թեթև վիճեցին
Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 23-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ։ Այսօր Գյումրիում երկու քաղաքական ուժ նախընտրական քարոզարշավ էր իրականացնում։
Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացիական պայմանագիրը» Տավուշի մարզում էր։ ՔՊ-ի վարչապետի թեկնածու ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդավանում հայտարարել է․«Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ։ Առաջինը՝ սահմանազատում է տեղի ունենալու»։ Նա կրկին նշեց, որ խաղաղությունը հաստատված է 1991 թվականի Ալվա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ նրա՝ սահմանազատմամբ ՀՀ սահմանը լինելու է Խորհրդային Հայաստանի սահամաններով։
«Բերդավանում չկա տենց հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում տենց հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են, իրար մեջ մտած։ Ստեղ հիմնական հարցը հետևյալն է՝ սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանն ի՞նչ են ուզում։ Ուզում են պրոբլեմներ ստեղծե՞ն իրար համար, թե՞ ուզում են իրար հետ պրոբլեմները լուծեն։ Իմ ընկալումն էն ա, Ադրբեջանն էլ ա տենց տրամադրված, որ հիմա նենց լուծենք, որ տասը, քսան, երեսուն, հիսուն, հարյուր տարի հետո մի հատ ծառի, մի թփի համար մարդիկ կոնֆլիկնտ էլի չբորբոքեն։ Մենք այդ տրամաբանությամբ ենք գնալու»,-ասել է Փաշինյանը։
Բերդավանում Փաշինյանի ու մի բնակչի միջև վեճ ծագեց։ Քաղաքացին դիմեց Փաշինյանին․««Ասում ես՝ խաղաղություն է, 300 հազար թուրք է մտնելու»։ Փաշինյանը վրդովված հարցրեց՝ ո՞վ է ասում։ Բերդավանցին ի պատասխան ասաց՝ բա Ղարաբաղ ո՞նց մտան։ «Ձեր գյուղում Սաֆարո՞վ է գալու, ի՞նչ Սաֆարով։ Ո՞վ թուրքի մասին խոսում է, գլուխը պատին է տալիս»,-այսպես պատասխանեց Փաշինյանը։
Տավուշում Փաշինյանն անդրադարձել է TRIPP նախագծին․«Հինգ տարի մեզ մեղադրում էին, որ մենք միջանցք ենք տալու, իսկ ես դեռ 2020 թվականին եմ ասել, որ նման բան չի կարող լինել։ Դեռ 2021 թվականին մենք սեղանի վրա դրած ենք եղել այն փաստաթուղթը, որը նախաստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Թրամփը իր գրառման մեջ լավ խոսքեր էր ասել իմ մասին, ինչի համար շնորհակալ եմ, բայց շատ կարևոր է նրա ստրատեգիական տեսլականը, թե TRIPP նախագիծը ինչ է իրենից ներկայացնելու»,-նշել է ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այն ահռելի մասշտաբի ծրագիր է, որը ահռելի եկամուտներ է բերելու Հայաստանին՝ այդ թվում էներգակիրների մասով»,-ասել է Փաշինյանը։
Կողբ գյուղում ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել դպրոցների աշխատակցիներ ու, ինչպես լրատվամիջոցներն են արձանագրել, համայնքային աշխատողներ։
Կողբի միջնակարգ դպրոցի տնօրենը լրագրողներին ասել է, որ միջոցառմանը եկել է ուսումնական հաստատության գրեթե ողջ կոլեկտիվը՝ մանկավարժական կազմը, տեխնիկական աշխատողները և վարչատնտեսական անձնակազմը։
«Այո՛, բոլորը եկել են։ Որովհետև բոլորս աջակցում ենք համար 16-ին և պատրաստ ենք նույն կազմով գալ հունիսի 7-ի ընտրություններին»,- հայտարարել է տնօրենը։
Նա ասել է, որ գրեթե բոլոր աշխատակիցները համակրում են «Քաղաքացիական պայմանագրին»։ Ընդ որում, մասնակիցները պնդել են, թե իրենց չեն ստիպել մասնակացել հանրահավաքին, ասել են՝ «մադկան տեղեկացրել են նախընտրական հանդիպման մասին, և նրանք եկել են կամավոր»։ Դպրոցի տնօրենը Փաշինյանի մասին հիացմունքով է խոսել, ասել է․«Մենք մեծ սպասելիքներ ունենք, սպասում ենք հաղթանակի»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն այսօր Շիրակում էին։ Ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր Արթիկում հայտարարել է՝ Շիրակի մարզը մնում է երկրի ամենասոցիալապես խոցելի մարզերից է։
«Այսօր բնակչության 42%-ը շարունակում է ապրել աղքատության մեջ։ Քաղաքներում պետականից բացի այլ աշխատատեղեր չկան։ Ութ տարվա ընթացքում ոչինչ չի ստեղծվել, որը մարդկանց ավելի լավ կյանքի հույս կտար»,-հայտարարել է նա։
Կարապետյանը պնդել է՝ վերջին տարիներին պետական պարտքն ավելացել է 7 միլիարդ դոլարով, մինչդեռ «եթե իշխանություններն այդ միջոցների գոնե մեկ տոկոսը արդյունավետորեն ուղղվեր այստեղ, շատ մարդիկ ստիպված չէին լինի մեկնել արտագնա աշխատանքի։ Այսօր Արթիկի շատ գյուղեր փաստացի ապրում են աշխատանքային միգրացիայի հաշվին»։ Նա նաև նշել է, որ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան ՌԴ-ում, իսկ իշխանությունը փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Նա առաջարկել է Արթիկում զարգացնել շինանյութերի արտադրության ձեռնարկություններ՝ օգտագործելով մարզի առկա բնական ռեսուրսներն ու արտադրական ներուժը։
Այս ուժն այսօր այցելել է նաև Գյումրի, որտեղ Կարապետյանին ուղեկցում էին Վարդան Ղուկասյանի թիմակիցները, այդ թվում՝ նրա փեսան՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը Հիշեցնենք, որ նա ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։ Առաքելյանը հայտարարեց, որ «մեկ շաբաթ առաջ այստեղ բացասական էմոցիա էր տիրում (ՔՊ-ն Գյումրիում քարոզարշավի էր, Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ են լինելու, խմբ), խնդրենք Տեր հորը, թող աղոթի․ չարը չքվի, բարին կատարվի»։ Ապա հոգևորականը բեմ է բարձրացել ու Տերունական աղոթք հնչեցրել։
Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ է արել գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստանին»։
Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ լրտեսության մեղադրանքով Սամվել Կարապետյանին դատի տալու սպառնալիքներին, ասել է․«Փաշինյանի դեմ դատական գործընթաց կսկսվի, և մենք մեր երկրում գործող չորս երկրների լրտեսներին պետք է գտնենք։ Ես իրապես համաձայն եմ, որ լրտեսություն անող գործակալները պետք է բոլոր տեսակի՝ անգամ եվրոպական կոնվենցիաներից դուրս, ենթարկվեն պատասխանատվության»։ Հարցին՝ չորս երկրները որո՞նք են, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ժամանակը կգա, պետական դավաճանության մասին լինելու է բաց, թափանցիկ դատ, որտեղ պաշտպանվողներն ու տուժողներն ունենալու են հավասար իրավունքներ։ Մեր ժողովուրդը կիմանա»։
Նա անդրադառնալով խաղաղության գործընթացին, ասել է․« Խաղաղությունը անխուսափելի է, ուղղակի մենք կլինենք նորմալ հարևաններ, բայց չենք լինի ընկերներ և չենք ուզում լինել ընկերներ, որովհետեւ մենք ունենք անցյալ և իրենց էլ լավ գիտենք»։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է․« Այս քարոզարշավը Հայաստանի պատմության մեջ իշխանությունը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի, և այդ մշակույթը հաստատել է հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը»։
Նրա խոսքով․«Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում. սա է իր այսպես աշխուժությունն ու իստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս առաջ ուղղակի ակնհայտ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»։
Նա ասել է, որ ՔՊ-ի կառավարման այս ութ տարիները խայտառակության տարիներ էին, և այս էջը պետք է փակեն, պետք է վերականգնեն հայ ժողսովրդի արժանապատվությունը․«Պետք է ամեն ինչ անենք, որ նորից մեր ժողովուրդը սկսի հպարտանալ իր անցյալով, ներկայով եւ մեծ հույս ունենա իր ապագայի նկատմամբ։ Մենք պետք է նաեւ հպարտանանք, որ, վերջապես, այս ամեն ինչից հետո ժողովուրդն ընդունեց, որ կա խնդիր, վռնդեց այս իշխանությանը եւ նոր ճանապարհ հարթեց պայծառ ապագայի համար։ Սա պետք է մենք բերենք, այս թիմը, որը կանգնած է այս հարթակի վրա։ Հայաստանում երբեք չպետք է լինի այն համակարգը, որը բերեց 2018 թվականի հեղափոխության։ Սա մենք երաշխավորում ենք»։
«Բարգավաճ Հայաստանը» Լոռիում էր։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ստեփանավան քաղաքում իր ելույթի ժամանակ նշել է, որ սպորտի ոլորտում մինչ այս մեծ փոփոխություններ արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան։
«Հայաստանի բոլոր համայնքներում պետք է սպորտդպրոցներ կառուցվեն, որ երեխաները կտրվեն փողոցից։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդներ, հետևաբար նաև առողջ ապագա»,-ասել է նա։
Ծառուկյանն անդրադառնալով իրավապահների բացահայտած՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքներ բաժանելու գործերին, փորձել է հերքել, ասել է, թե այդ մեղադրանքները իշխանությունների ճնշումների հետևանք են։ Նա ասել է, որ իրավապահների գործողությունները պայմանավորված են իշխող ուժի՝ իշխանությունը կորցնելու վախով։
«Որտե՞ղ եք լսել, որ մենք փող ենք բաժանում, ձայն ենք ուզում։ Դա բացառվում է։ Այդ մասին խոսակցությունները վախի մթնոլորտ ստեղծելու փորձ են»,- ասել է Ծառուկյանը։
Նա կրկին պնդել է, թե իշխանությունը ԲՀԿ-ի աջակիցների, կամ ԲՀԿ-ի քարոզարշավին մասնակցող տարբեր հաստատությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ է գործադրում։ Պնդել է՝ «մարդկանց աշխատանքից ազատում են կամ սպառնում են ազատել՝ քաղաքական հայացքների և ընդդիմությանը սատարելու պատճառով»։
«Միասնության թևեր»-ի անդամներն այսօր Սյունիքում էին։ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է հայ-ռուսական լարված հարաբերություններին, նշելով՝ ՀՀ տնտեսությունը Ռուսաստանի հետ շատ փոխկապակցված է, ներմուծումների ու արտահանումների մոտավորապես 39-40 %-ը Ռուսաստանի հետ է, կապակցված ենք նաև էներգետիկայի, տուրիզմի առումով։ Այդ կախվածությունն ամենաշատը խորացել է վերջին 6-7 տարիների ընթացքում։
«Կարող ես հարցեր առաջ քաշել Ռուսաստանի առաջ, բայց թշնամանալ, միանգամից խռովկան հարսի նման թողնես-գնաս, չի կարելի։ Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Եվրոպայի առանձին երկրների հետ, հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, օրինակ՝ Ֆրանսիա, Հունաստան»,- ասել է Անանյանը։
Նա նշել է, որ նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ է տնտեսական ապրանքները հարմարեցնել եվրոպական չափանիշներին։ Դավիթ Անանյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագիրը լիովին իրատեսական է, պարզապես անհրաժեշտ են բանիմաց մարդիկ։
Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ ֆեյսբուքյան իր ուղերձում դիմել է զոհված զինծառայողների հարազատներին․«Ձեր որդիները, ամուսինները, քույրերը, ձեր հարազատները կյանք են տվել հայրենիքի համար։ Նրանց զոհողությունը սուրբ է, և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը։ Մենք ձեզ խոստանում ենք երեք բան։ Հարգանք։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ու նվաստացնելու զոհվածի ընտանիքի անդամին։ Արդարություն։ Յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։ Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր»։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ Կոտայքում այսօր հայտարարել է՝ պետության, ժողովրդի պարտության պատասխանատուն ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ այն մարդիկ, ովքեր ընտրություններում նրան իրենց ձայնն են տվել։
«Սամվել Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է։ Անլուրջ է, որ մի քանի երկրի քաղաքացի համարվող օլիգարխը ցանկանում է վարչապետ դառնալ։ Այդ մարդը պետությունն ու տունտունիկը խառնել է իրար։ Սա պետություն է, որը պետք է ղեկավարվի չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ»,-ասել է նա։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի էր Վանաձորում։ Նրանք Արցախ պուրակում «Դիվան քշելու» ակցիա են իրականացրել։
«Ակցիայի միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին»,- հայտարարել են կուսակցության անդամները։ Նրանք կարմիր բազմոցը դրել էին անվավոր ինքնագլորի վրա եւ կոչեր անելով շրջել են քաղաքում։ Կուսակցության անդամ Իշխան Գեւորգյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց անհարմարության համար՝ ասելով՝ «դուք հիմա ականատես եք լինում Հայաստանի վերջին քաղաքական գործչի դիվան քշելուն»։
«Լուսավոր Հայաստան»-ի դիմումն այսօր ԿԸՀ-ն մերժեց։ ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։ Այսօր ԿԸՀ-ն որոշել մերժել դիմումը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից զրկելու պահանջը, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք։
ԼՀԿ-ն պնդում էր, որ «Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։ Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները»։
Դանիել Իոաննիսյանը սոցիալական ցանցում գրել է․«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։ Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։ Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»։
«Ազգային ժողովրդավարական բևեռն» այսօր Գյումրիում էր։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է․«Այս 35 տարվա ընթացքում ես վերջապես ունեմ համոզում, որ առաջին անգամ լինելով մեր երկրում, հնարավորություն է բացվել ընտրություններով իշխանությունը հեռացնել»։
Սեֆիլյանի կարծիքով՝ իշխանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ընտրություններին քիչ մասնակցություն ապահովելու համար․«Նրանք իրենց այս քարոզարշավով նոր ձայն ավելացնելու խնդիր չունեն, իրենք քարոզով ձայն չեն կարող գրավել: Իրենք ի՞նչ ունեն. ունեն իշխանական ռեսուրս, լծակներ, ֆինանս և այլն, կեղծարարություն, ամեն ինչ ունեն: Իրենք գիտեն քանի հարյուր հազար ձայն ունեն, այսպես ասած, և այնքան քիչ է իրենց ունեցածը, նրանք շատ սարսափած են, որ հանկարծ եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ է իրենց վիճակը: Իրենք աշխատում են ժողովրդին վախեցնել, ժողովրդին զզվեցնել, որ այս ընտրություններին չգնան մասնակցելու, իսկ մենք հակառակը պիտի անենք: Ես վստահ եմ, որ ոչ միայն մենք՝ որպես քաղաքական ուժ, բարեբախտաբար այս օրերին քիչ չեն այն քաղաքական ուժերը, որոնք իրոք խնդիր են դրել ձերբազատվելու այս թուրքահպատակ իշխանություններից»։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը Չինարի գյուղից տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ասել է՝ Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ Չինարիի դպրոցը․«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»։
Դանիել Իոաննիսյանն այսօր ասել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ։ Ըստ այդմ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
Իրավապահներն այսօր հայտնել են, որ մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ: 5 քրեական վարույթն էլ առնչվում են «Ուժեղ Հայաստանին» և «Մեր ձևով» հասարակական կազմակերպությանը։
Բացի այս, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:
Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:
Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:
Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
