Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան
Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում:
«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա։ Հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին մենք չենք տեսնում»։
Նրա խոսքով՝ Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի»։
Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ «այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված… կլինեն տեխնիկական բնույթի, և շուտով դրանք չեն լինի»։
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, ելակի, որոշ բանջարեղենի, մի շարք ալկոհոլային խմիչքների և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Մոսկվայում նաև զգուշացրել են Երևանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա ինտեգրում զարգացնելու անհնարինության և Եվրամիության հետ հետագա մերձեցման դեպքում գազի շուրջ համաձայնագրերի հնարավոր խզման մասին։
