Տարեկան մինչև 200 կգ չիր, բայց անշուք չրանոց․ Ռինդի բնակչուհին պետական աջակցություն է ակնկալում | Region

Տարեկան մինչև 200 կգ չիր, բայց անշուք չրանոց․ Ռինդի բնակչուհին պետական աջակցություն է ակնկալում

Հունիս 01,2026 17:00

Ռինդ գյուղի բնակչուհի Գայանե Խաչատրյանը միայնակ խնամում է իր այգին և ստացված մրգատեսակներից չիր պատրաստում։ Ամուսինն առողջական խնդիրներ ունի, և տնտեսության հիմնական հոգսն ու աշխատանքը ծանրացած են 68-ամյա կնոջ ուսերին։ Չնայած դժվարություններին՝ նա շարունակում է աշխատել՝ զբաղվելով ոչ միայն չրագործությամբ, այլև գինի և օղի պատրաստելով։

Գայանե Խաչատրյանը 10-15 տեսակի մրգերից և հատապտուղներից տարեկան մինչև 200 կիլոգրամ չիր է պատրաստում։ Նրա արտադրանքը պահանջված է տեղական շուկայում, և իրացման խնդիրներ գրեթե չկան։ Դեղձի, սալորի, ծիրանի և այլ մրգերից ու հատապտուղներից ստացված չրեղենը սպառողների շրջանում գնահատվում է բարձր որակի և բնական համային հատկանիշների համար։

Սակայն տարիների ընթացքում ստեղծված փոքր արտադրամասը վերանորոգման և ընդլայնման կարիք ունի։ Regions TV-ի հետ զրույցում տիկին Գայանեն ընդգծեց, որ իր արտադրանքի թե՛ որակը, թե՛ արտաքին տեսքը մրցունակ են, սակայն չրանոցի պայմանները չեն համապատասխանում արդի պահանջներին և չափանիշներին։

«Չրերիս և՛ որակն է լավը, և՛ արտաքին տեսքը, սակայն չրանոցս անշուք է։ Ցանկանում եմ ընդլայնել, վերանորոգել չրանոցս, և աջակցություն եմ ակնկալում կառավարության ղեկավարից»,- նշեց Գայանե Խաչատրյանը։

Նա հույս ունի, որ պետական աջակցության շնորհիվ կկարողանա բարելավել պայմանները, մեծացնել արտադրության ծավալները և շարունակել իր սիրած աշխատանքը՝ պահպանելով Ռինդի գյուղատնտեսական ավանդույթներն ու բարձրորակ մրգատեսակների հայրենիքի համբավը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ