Հայտնի է 2026 թ. Ոսկե գնդակի մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը
2026 թվականի «Ոսկե գնդակի» 70-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Այս մասին հաղորդվում է մրցանակի պաշտոնական կայքում։
Նախկինում Փարիզում անցկացվող միջոցառումը տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Այն պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալվի Լոնդոնում՝ ի հիշատակ France Football ամսագրի կողմից 1956 թվականին հիմնադրված այս հեղինակավոր մրցանակի առաջին դափնեկրի՝ անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի։
«Բացի այդ, հաշվի առնելով «Ոսկե գնդակի» 70-ամյակը՝ տրամաբանական է ժամանակակից լավագույն ֆուտբոլիստներին մեծարել հենց այն երկրի սրտում, որտեղ ծնունդ է առել ֆուտբոլը»,- նշվում է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ 2010-ից 2015 թվականներին միջոցառումն անցկացվում էր շվեյցարական Ցյուրիխում, քանի որ որպես համակազմակերպիչ հանդես էր գալիս հենց այդ քաղաքում տեղակայված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ): Իսկ 2019 թվականից ի վեր պարգևատրման արարողությունը ավանդաբար կազմակերպվում էր Փարիզի «Շատլե» թատրոնում։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025 թվականի մրցանակաբաշխության արդյունքներով «Ոսկե գնդակին» արժանացել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։
