Վարդերի ու բանջարեղենի խմբաքանակն արդեն ուղարկվում է այլ երկրներ․Փաշինյան | Region

Վարդերի ու բանջարեղենի խմբաքանակն արդեն ուղարկվում է այլ երկրներ․Փաշինյան

Հունիս 02,2026 16:56

Հայկական ապրանքների՝ դեպի ՌԴ արտահանման ու իրացման արգելքին զուգահեռ Փաշինյանը նոր շուկաների մասին է խոսում։ Այսօր Ճամբարակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ  վարդերի ու բանջարեղենի խմբաքանակ է ուղարկվում այլ երկրներ, թե որ երկրներ, նա չի ասել։

«Այսօր մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են։ Վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն և հետո կասեմ՝ որ երկրներ են ուղարկվել։ Ոչ մի ապրանք չի մնալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ օրերս վարչապետը վստահեցրել էր, որ ՌԴ-ում արգելվող որոշ հայկական ապրանքների համար այլ շուկաներում պայմանավորվածություններ ունեն։ Փաշինյանը  երկիր չի նշել, սակայն հավաստիացրել է՝ Եվրոպական միություն և այլ ուղղություն։

Այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ արտահանման անարդար խոչընդոտների դեպքում Կառավարությունը սուբսիդավորման և աջակցության ծրագրեր կիրականացնի, իսկ վնասներ կրած արտադրողներին կօգնի նոր շուկաներ գտնել։

«Կառավարությունն արդեն որոշում է կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ արտահանման անարդար խոչընդոտներ եղած կլինեն, մենք աջակցության ծրագրեր կանենք, այդ ապրանքների սուբսիդավորման ծրագրեր կանենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ դրանք դեպքերն են, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ, քանի որ լինում են դեպքեր, երբ արտահանվող ապրանքը չի համապատասխանում որակի ստանդարտներին։

«Մենք չենք կարող անորակ ապրանք արտահանել մեր ինքնիշխանության և պետական շահերի հաշվին։ Մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի նրանք իրենց ապրանքը բերեն որակի նոր ստանդարտի»,-նշել է Փաշինյանը։

«Բիբար է փչանում, վարդ է փչանում, դրա փողը Կառավարությունը կտա, բայց այս ամենի արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունն էլ է աճելու, արտահանումն էլ է աճելու»,-ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։

Նկատենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտ հայտարարություններ է ուղղում Հայաստանին։ Կրեմլից սպառնում  են, որ եթե ՀՀ-ն ընտրում է ԵՄ ճանապարհը, ապա այդ դեպքում ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար պնդում է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։  Փաշինյանը նաև ի պատասխան ԵԱՏՄ խորհրդի նամակի, թե ՀՀ-ն պետք է արագ հանրաքվե անի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղություն, ասել է՝ այժմ դրա կարիքը չկա։

 

Նորություններ