Քարոզարշավի օրը․Փաշինյանը բիբարին տեր է կանգնում, ընդդիմադիրները՝ կասկածում, սպայդերմեն էլ՝ «գործ կարում»
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 26-րդ օրն է․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են իրենց քարոզարշավը՝ որոշներն ակտիվ, որոշներն էլ՝ հակառակը, մեկն էլ կրեատիվ ակցիաներով։
Քարոզչության օրն ամփոփում ենք, ներկայացնելով, թե որ թեկնածուն ինչ խոստացավ, ինչ ասաց, ու ով ում կրկին մեղադրեց։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գեղարքունիքում էր։ ՔՊ-ի վարչապետի թեկնածու, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանում խոստումներ է տվել, վստահեցրել է, որ աջակցություն կտրամադրեն այն տնտեսվարողներին, եթե պարզվի, որ որևէ ապրանքի ՌԴ արտահանման արգելքը անարդար է եղել:
«Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա կրկին հիշեցրել է՝ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքել է, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է.«Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»:
Մեծ Մասրիկում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը էներգետիկ առումով լրիվ ինքնաբավ երկիր դառնալու հնարավորություն ունի, նշելով․« Մենք արևային անսահմանափակ ռեսուրսը պետք է օգտագործենք»։
Նա հիշել էր 2022 թվականի ադրբեջանական ագրեսիան Գեղարքունիքի բնակավայրերի նկատմամբ, ու նշել է, որ նման վիճակում էինք հայտնվել, քանի որ 1991-ից սկսած՝ մեր պետության ամբողջ տրամաբանությունը եղել է այն, որ մենք պետք է ունենանք անվտանգության երաշխավորներ։
Փաշինյանը բնակիչներին հարցրել է՝ արդյոք տեսե՞լ են ամրացված շրջանները, որ այս տարածքներում կառուցել են։ Շատերի դրական պատասխանից հետո Փաշինյանը հարցրել է․ «Ո՞նց, էդ բոլորիդ համար գաղտնի օբյեկտները բացվե՞լ են։ Բա ներսը որ տեսնեք, դրանք բերդեր ու ամրոցներ են, որ տասնամյակներով ու հարյուրամյակներով մեր պետության անվտանգությունն են ապահովելու»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ի հակառակ Փաշինյանի պնդումներին, կասկածի տակ է դրել իշխանություններին, կհաջողվի ԵՄ երկրների ուղղությամբ արտահանումներ իրականացնել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է․«Իրենք 8 տարի ունեին, որ գոնե մի հատ ծիրան տանեին եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել դա անել, ինձ թվում է՝ հնարավորություն չեն ունենա»։
Բիբարին էլ անդրադարձել․«Մենք ամեն ինչի տեր կկանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բիբարին չի կարող տեր կանգնել, մաքսիմում կարող է մի քանի հատ բիբար ուտել։ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ ինքը բիբար պիտի ուտի, խոզի խորոված ուտի, այդ մարդը խաբար չէ տնտեսությունից»։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի ՌԴ և Կիպրոսի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։ Նրան վերադարձվել է միայն ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար։
Այսօր հայտնի դարձավ, որ ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար։ Սակայն վարույթը, ըստ հանձնաժողովի նախադեպի, դեռ կարող է կարճվել, եթե Կարապետյանը դրա քննության ընթացքում ներկայացնի հայտարարագիրը։
Այս կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին էլ Կարապետյանն ասել է՝ իշխանությունն ապօրինություն է անում, հերքել է, թե իրենց թիմակիցը «փող է բաժանել»։
«Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում, մեր թիմակիցը ոչ ոքի փող չի փոխանցել։ Մեր թիմից չկա մի մարդ, որ գոնե հասկանա՝ ոնց են փող լվանում։ Ես փող լվանալ միայն հասկանում եմ, որ ասֆալտ ես փռում, փող ես լվանում»,-ասել է Կարապետյանը։
Այսօր միջադեպ է տեղի ունեցել Մասիսում. հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված կադրերի՝ մի տղամարդ հարվածում է նաեւ կանանց։
Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած այսօրվա հարձակումը։
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Մասիսում քարոզարշավում խոստումներ է տվել՝ թոշակները հասցնել 100 հազար դրամի։ Նա ասել է՝ թոշակառուի նվազագույն ծախսը կազմում է 78 հազար դրամ և թոշակների 10 հազար դրամով բարձրացումը չի կարող լուծել նրանց ապրուստի խնդիրը։
Ծառուկյանը ԲՀԿ ծրագրի կետերին անդրադառնալով, ասել է՝ սահմանային գոտում պետք է ամբողջությամբ հանել գույքահարկը․ «Եթե մարդն ուզում է իր տղայի համար տուն կառուցի, պետք է մի երկու միլիոն դրամ էլ տրամադրել, որ գյուղերը չդատարկվեն։ Պետք է դոտացիա, արտոնություններ տալ, որպեսզի մարդիկ, սահմանամերձ համայնքներում ապրելով, որոշ արտոնություններ ու առավելություններ ունենան»։
Ծառուկյանն էլ է կասկածի տակ դրել, որ իշխանությունները կարող են ԵՄ շուկան ռուսական շուկային այլընտրանք առաջարկել․«Կարող եմ գրել՝ ստորագրել․ 10 տարի իրենք չեն կարողանալու այլընտրանք ստեղծել (նկատի ունի՝ այլընտրանքային շուկա-Ն․ Գ․)։ Ժողովուրդը սնանկանալու է, աղքատանալու է, քանդվելու է, վերանալու է։ Կվստահեն՝ կտան՝ մեկ օրում կբացեմ»։
«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավի էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում էր: Արման Թաթոյանը ընտրողների հետ հանդիպմանը կոչ է արել գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հանուն երկրի ապագայի։
«Քվեախցիկում ամեն ինչ գաղտնի է, և ոչ ոք չի կարողանալու ձեզ ճնշել կամ իմանալ, թե ում օգտին եք քվեարկել։ Դուք մտածեք, թե ով կարող է ձեր երեխաների համար ճիշտ որոշումներ կայացնել ապագայում` մեր պետականության համար կարևոր այս պատմական ընտրություններում»,-ասել է Թաթոյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այլ շուկաներ արտահանումը կասկածի տակ է դրել։ Այսօր նա հայտարարել է, որ առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել Եվրոպա․ դա շատ երկար ու բարդ գործընթաց է։ Նրա կարծիքով՝ եվրոպացի ֆերմերները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մուտք գործի իրենց շուկա։ Պատասխանելով ՌԴ-ի՝ հայկական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների մասին հարցին` Քոչարյանը նշել է․ «Փաշինյանը գաղափար չունի դեպի ՌԴ արտահանման ծավալների մասին». «Հայաստանը չունի նման փողեր և կորուստները փոխհատուցելու հնարավորություն։ Մի քանի օր առաջ ասում էին, թե հարցը տեխնիկական է, իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ասում էր, թե բոլոր հարցերը լուծված են»։
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես՝ Աշտարակում, ինչպես նաև խուզարկություն է իրականացրել Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին հայտնել է դաշինքից պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։ Ակցիայի ընթացքում ոստիկանի կեղծ հագուստով մասնակիցը «գործ կարեց» «Սարդ մարդու» հագուստին, ապա ձեռնաշղթաներ հագցրեց և տարավ։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը հայտարարել է՝ այս «գործ կարելու» գործողությունը տեսնում են նաև իրականությունում․ «Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արթուր Օսիպյանին ձերբակալել են․ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ պահելու, առավել ևս 14 օր է՝ հացադուլ է անում»։
Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ում էլի կան քաղբանտարկյալներ բացի Արթուր Օսիպյանից, որոնց գործերը տարբեր կերպ «կարվել են»․ «Կեղծվել են որոշ ապացույցներ, մոտարկվել են։ Այս անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ։ Հուսով ենք, որ այս ամենը կտարածվի մարդկանց մոտ, բողոքի ալիք կբարձրանա ու հնարավորություն կընձեռնվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ»։
Հայ Ազգային Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Ագարակում քարոզարշավի ժամանակ նշել է, որ ՀԱԿ նախընտրական ծրագրի հիմնական կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է, որը պետք է անցնի Գագարինից Սյունիքով՝ Մեղրիով ու Ագարակով. նախագիծը միանգամայն իրատեսական է կյանքի կոչել 5-7 տարվա ընթացքում։
Նա ասել է, որ նոր երկաթգիծը Երևանը Սյունիքի մարզով կկապի Իրանի հետ, որտեղ այն այնուհետև կմիանա Թավրիզի կամ Ջուլֆայի ուղղությամբ գնացող գծերին, ու եթե նախաձեռնությունն իրագործվի, ապա Ագարակը կվերածվի լրջագույն լոգիստիկ կենտրոնի և կդառնա այս տարանցիկ ճանապարհի հիմնական դարպասը։
«Մենք այս նախագիծն անվանել ենք «Խաղաղության երկաթուղի», քանի որ այն կդառնա մեր անվտանգության հուսալի երաշխավորը, և Ադրբեջանն այլևս չի կարողանա ճնշում գործադրել մեզ վրա: Այս ենթակառուցվածքը հզոր գործիք կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար. քաղաքացիները հնարավորություն կունենան գնացքով հարմարավետ հա»,- ասել է Զուրաբյանը։
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավ է իրականացրել Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է «Euronews»-ին, նշելով, որ լրատվամիջոցը ը մի տեղեկություն է տարածում, որն իսկույն որդեգրել են իշխանամետ լրատվամիջոցները։ Այս լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ հարցումներով առաջատարը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը կստանա ընտրողների ձայների 65 տոկոսը։ Իսկ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, թե ինքն է հավաքելու 53 տոկոս։ Մարուքյանը կոչ է արել երկու ուժերի ընտրազանգվածին էլ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, որպեսզի երկիրը «գուբերնիա չդառնա»։ Նա ասել է՝ խաղն անազնիվ է, անլուրջ ու անարդար՝ փոքր ու ոչ հարուստ կուսակցությունների նկատմամբ, իսկ իշխանություններն ընդհանրապես լայնորեն կիրառում են վարչական ռեսուրսը։
Այսօր մի շարք ՀԿ-ներ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Կալանքում ու արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հրապարակել է իր պաշտպանյալի բաց դիմում-նամակները՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական առաքելություններին։ Նամակում Օսիպյանը նշել է, որ ձերբակալվել է մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։
Մայիսի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ արցախցիները իրավունք ունեն մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը պարտավորեցրել է ընտրողների ցուցակում ընդգրկել երեք արցախցու։ Ըստ որոշման՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով։ Մինչդեռ այսօր ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքարկել է վճիռները՝ նշելով, որ դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը եւ թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։ Իսկ Երիցյանը պնդում է՝ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր դեպք է բացահայտել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք»։
