ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել | Region

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել

Հունիս 03,2026 17:45

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։

«Որոշմամբ սահմանվել է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում»,- հայտնում են ՀԾԿՀ-ից՝ ընդգծելով, որ կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկները։

Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։

Կառույցից ընդգծում են, որ որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Նորություններ