Քարոզարշավի օրը․ Փաշինյանն առաջարկում է «կամուրջ-գլուխգործոց» ստեղծել, Կարապետյանն էլ Փաշինյանին տալիս է Բաքվին, Ծառուկյանն էլ վարչապետին դատի է տալիս
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 27-րդ օրն է, այսինքն՝ բուն ընտրությունների օրվան մնացել է 4 օր։ Այսօր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոշները մեծ հանրահավաք են անցկացրել, մյուսներն էլ ակտիվորեն շարունակելեն իրենց քարոզարշավը։
Քարոզչության օրն ամփոփում ենք, ներկայացնելով, թե որ թեկնածուն ինչ խոստացավ, ինչ ասաց, ու ով ում կրկին մեղադրեց։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գեղարքունիքի մարզում էր։ Գավառում հանրահավաքի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկաներին ՀՀ նոր խորհրդանիշի շուրջ մտածելու առաջարկություն է արել։
«Ես հաճախ մտածում եմ, թե որն է, ի վերջո, ՀՀ Երրորդ Հանրապետության խորհրդանիշը։ Մի գաղափար եմ ուզում առաջարկել, չեմ պնդում, բայց ուզում եմ, որ դուք էլ մտածեք։ Առաջարկում եմ, որ Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի մի կամուրջ-գլուխգործոց կառուցենք, որը կլինի ՀՀ անկախության, պետականության, զարգացման, ինժեներական, շինարարական և ընդհանրապես մտքի խորհրդանիշը»,-ասել է Փաշինյանը։ Նրա պատկերացմամբ՝ դա պետք է լինի մի մեծ խորհրդանիշ, որը կերևա երկնքից, հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից, որը կերևա ցերեկն ու գիշերը և կխորհրդանշի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը և ընդհանրապես ստեղծագործ գլուխգործոց կլինի։
Փաշինյանը վստահեցրել է, որ այդ գաղափարն իր մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, սակայն կառավարության շատ գործընկերներ այնքան էլ ոգևորված չեն այդ մտքով, ուստի Գեղարքունիքի բնակիչներին խնդրեց մտածել դրա մասին։
«Հարկավոր է 6 կիլոմետր երկարությամբ կամուրջ կառուցել, հարկավոր է բնապահպանական և այլ հարցեր լուծել։ Բայց ես կարծում եմ՝ լավագույն տեղը, որտեղ Հայաստանն աշխարհին ճանաչելի կլինի մի ճարտարապետական հոյակերտ կառույցով, դա Սևանա լիճն է և, մասնավորապես, Նորատուսի և Արտանիշի թերակղզու հատվածը, որտեղ Փոքր Սևանը միանում է Մեծ Սևանին»,-ասել է Փաշինյանը։
Նա նաև խոսել է Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի և իրականացված ծրագրերի մասին․«Այսօր մենք, մեզ համար չէ, մեր երեխաների համար ենք դղյակներ կառուցում, մեր մեծահասակների համար առողջապահական կենտրոններ, ճանապարհներ ենք կառուցում, մշակույթի տներ ենք կառուցում, սահմանամերձ գյուղերում տներ ենք կառուցում։ Այսօր Հայաստանում բնակարանաշինության ծավալները գերազանցում են արդեն Խորհրդային Միության ծավալներին։ Առաջիկայում ամբողջ Հայաստանում կապիտալ շինարարության ծավալներ ավելի են մեծանալու և կրկնապատկվելու»։
Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդն Իրական Հայաստանի գաղափարախոսության ընկալմամբ, գիտակցել է, որ Հայաստանն է իր տունը և սկսել է կառուցել ամեն քառակուսի մետրը․«Մեր տունը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բարեկեցիկ, ազատ երջանիկ։ ՀՀ-ն ծաղկում է այսօր և ծաղկում է ձեր աշխատանքի, ձեր վճարած հարկերի շնորհիվ»։
Նորից անդրադարձել է ընտրություններին մասնակցող որոշ ընդդիմադիր ուժերին․ ««Պատերազմի եռագլուխ»» կուսակցությունը այլևս չի կարող և հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա իր տունը խլել իրենից, քանի որ տեր է իր պետությանը»։
Փաշինյանն այսօր անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, նշելով, որ հունիսի 1-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր իր ծննդյան առթիվ շնորհավորելու, պայմանավորվել են․«Ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»։Նա հավելել է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել․ «Հիմա էլ կլուծվեն, որևէ վայրկյան կասկած չունենաք»։
«Ուժեղ Հայաստան» -ն այսօր Երևանի Հանրապետության հրապարակում մեծ ամփոփիչ հանրահավաք է իրականացրել։
Այս ուժի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն, ինչպես ամեն քարոզարաշվի, այսօր էլ կրկնել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում «տեղավորվելու մասին»։ Նա և իր թիմակիցներն իրենց ելույթներում կոչ էին անում ընտրել իրենց, որպեսզի ՀՀ-ում ադրբեջանցիներ չապրեն։
Ընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանն էլ հայտարարել է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները սովորական ընտրություններ չեն, սա ճակատագրական ընտրություն ․«Մեր մեծ հաղթանակի սկիզբն է»։ Նա քննադատել է իշխանություններին, նշելով, որ «վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ Հայաստան, խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ, խոստացան սեր, բայց բերեցին պառակտում և ատելություն, խոստացան բարեկեցության, բերեցին աղքատություն, խավար և հազարավոր մեր հայրենակիցների մահ»։
Հանրահավաքի վերջում տեսաուղերձի միջոցով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ դիմելով հավաքվածներին, գրեթե նույն բաներն է կրկնել․«Այս ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և երեքում էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը»։ Նա հայտարարել է՝ իրենց թիմը փոփոխություններ է բերում, և այդ փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո և յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար։
«Այլևս մենք թույլ չենք լնի Փաշինյանի պատճառով; Ուժեղ ենք լինելու։ Այդ օրը հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը, հունիս 7-ին յուրաքանչյուր երիտասարդ, հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան»,-ասել է Կարապետյանը։
«Հունիսի 7-ին հաղթանակը մերն է, Փաշինյանը՝ Ադրբեջանինը»,- եզրափակել է Կարապետյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ու ընդդիմադիր մյուս գործիչներին ուղղված մեղադրանքներին, ասել է․«Ես ուզում եմ կրկնել, որ Ծառուկյանը չի իջնելու այդ մակարդակին։ Ես իմ կլասը չեմ գցելու։ Այսօր հիմնական հարցն այն է, որ երկրի ղեկավարն ասելու բան չունի ժողովրդին, ութ տարի խաբել է, ինչ ասել է, հակառակն է եղել»։
Ծառուկյանն էլ կրկնեց նույն այն խոսքերը, ինչ ասել ու ասում են «Ուժեղ Հայաստանի» ու միքանի այլ ընդդիմադիրների ներկայացուցիչներ․« 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հրահրել, պատերազմում պարտվել ենք, հողեր են կորցրել, զոհեր ենք ունեցել, վիրավորներ, հեղինակազրկվել ենք, գերիներ ունենք Բաքվում։ Ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց երկրի գլխին տնտեսական պատերազմ են բերել։ Այսօր նա պետք է իր ծրագիրը ներկայացնի; Նա այսօր այդ վիճակում է, քանի որ Ծառուկյանը տեղը տեղին ասում է՝ խնդիրը, հարցը, լուծումը ոնց պետք է լինի։ Դե ինքն էլ թող ասի։ Ես ասում եմ, որ մարդիկ վարկի տակ են, պետք է համաներում լինի, առողջապահությունը, կրթությունն անվճար պետք է լինեն»։
Ասօր հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը դիմել է դատարան՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով հերքում, ներողություն, ինչպես նաև 9 մլն դրամի փոխհատուցում՝ որպես զրպարտությամբ ու վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:
«Միասնության թևեր» կուսակցությունը սփյուռքի հետ հարաբերություններում նոր սկզբունք է առաջարկում։ Կուսակցության տնտեսական թիմի անդամ Իրինա Անանյանը նշել է, որ ընտրություններում իրենց քաղաքական ուժի հաջողության դեպքում սփյուռքին արվելու է երեք տնտեսական առաջարկ․ Հայաստանից դուրս բնակվող հայ գործարարը կարող է դառնալ որևէ նախագծի համասեփականատեր, գործունեություն ծավալել արդյունաբերական գոտիներում, գնել հայկական ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։
Ի դեպ, կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով «Միասնության թևեր»-ն ու «Նոր ուժը» հայտարարություններ են տարածել։
«Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում»,- հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցությունը:
«Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում ևս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին»,- ասվում է «Նոր ուժ»-ի հայտարարության մեջ:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է․«Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն՝ հետևողականորեն փորձում է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երևի ցանկությունը հետևյալն է՝ Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալ»։
Նա նշել է, որ Հայաստանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի հետ, դա հնարավոր է. «Մենք դա արել ենք նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակներում։ Այն, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, մեր գյուղատնտեսությանը հսկայական հարված է հասցնելու։ Ինքը չի հասկանում գյուղատնտեսությունից։ Ինքը գյուղատնտեսական ապրանքների լուրջ շատ սպառող է, ուտում է, ուտում է, անունը դրել եմ սեղանի կոմբայն, ե՞րբ ես կշտանալու»։
Քոչարյանը նաև ասել է, որ «Փաշինյանը վատագույն սցենարների վարպետ է՝ սկսած Արցախի հարցից մինչև պատերազմներ։ Բազմաթիվ սցենարներից այս մարդը միշտ ընտրում է վատագույնը: Սա արդեն բնավորություն է, ինչին կպնում է, մահ է բերում: Իր մահացու հաղթարշավը սկսել է «մարտի 1-ին», երբ հրահրեց ոստիկանների հետ բախումներ, 10 հոգու զոհաբերեց, ինքը փախավ: Սա է այս մարդու բնավորությունն ու տեսակը… Մարտի 1-ը թրեյնինգ էր փոքր ծավալի մեջ մեր ժողովրդի վրա, մեր քաղաքացիների կյանքի վրա: Այս մարդը այլ կերպ ապրել չի կարող, նա պետք է հրահրի բախումներ, տարանջատի ժողովրդին ու սերմանի թշնամություն, քայլող պատուհաս ու թշնամանք է»։
Այսօր հայտնի դարձավ, որ Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի գործով Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
Ընդ որում,կ հաղորդում ներկայացրել են երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ:
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է․
«Խաղաղության համաձայնագիրը Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է, դրան մենք դեմ ենք, այն պետք է փոխվի և կփոխվի»։ Նա հիշեցրել է՝ երեկվա բանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանը պնդում է արել, թե խաղաղության համաձայնագրի տեքստի վրա միասին են աշխատել. «Զարմացած է, որ մենք չենք ստորագրի այդ տեքստը, զարմացած է, որ մենք ուզում ենք դատել այդ տեքստը ստորագրողին։ Ինչու, քանի որ այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, դա չկա, վստահեցնում եմ, կա Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք գնացել, ստորագրել ու համաձայնել են»։
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
