Քարոզարշավի վերջին օրը․լռության օրվան նախորդեցին աղմկոտ գործընթացները, կրկին սպառնալիքներ, ընդդիմադիրներին մրցակցությունից դուրս մղելու փորձեր | Region

Քարոզարշավի վերջին օրը․լռության օրվան նախորդեցին աղմկոտ գործընթացները, կրկին սպառնալիքներ, ընդդիմադիրներին մրցակցությունից դուրս մղելու փորձեր

Հունիս 05,2026 23:09

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի  վերջին օրն է։ Վաղը լռության օրն է։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոշները մեծ հանրահավաքներ են անցակցրել նախօրեին: Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանգիրն» է մեծ հանրահավաք է իրականացրել Հանրապետության հրապարակում։

Քարոզչության վերջին օրն անցել է սկանդալային միջադեպերով ու աղմկահարույց գործընթացներով։ Ամփոփ ներկայացնում ենք քարոզարշավի վերջին օրը։

Նախ այսօր օրվա սկզբում հայտնի դարձավ, որ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանք առաջին կետով պահանջում են անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:

«Հանրապետություն» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը հայտարարել է․«Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»։  Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու: ԿԸՀ խոսնակը լրատվամիջոցներին ասել է՝ ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը, նիստը կանցկացվի դռնբաց։

Այսօր կեսօրից հետո հայտնի դարձավ, որ իրավապահները քննրական գործողություններ են իրականացնում, ըստ որոշ տեղեկությունների՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամել Կարապետյանին պատկանող «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում, իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները:
Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասել է, որ իրավապահ մարմինների ծառայողներն իրենց ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է՝ իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործի շրջանակում «Արմատ մեդիա»-ի խմբագրությունից առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։  Ուշագրավ է, որ դատարանի որոշման մեջ նշվում էր, որ «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ, ուսումնասիրել են, խուզարկել են այստեղի դարակները»։

 «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր ամփոփիչ հանրահավաքն է իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքը բազմամարդ էր, հրապարակը լեփ-լեցուն էր, թեև որոշ լրատվամիջոցներ ահազանգել էին, որ մարդկանց ավտոբուսներով բերում էին Երևան։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է՝ մարդիկ կարող են ասել, թե ինչու մինչ օրս չի լուծվել արդարադական խնդիրները, ու պատճառաբանել է՝ «ժողովրդի կողմից չընդունված Սահմանդրությունն է, որը առաջին հերթին միքանիպատյանի տակ բոլոր հնարավոր ձևեչով պաշտպանության տակ է առնում սովորական քաղաքացիական, օլօգարխիական և դատական մաֆիաները։ Ժողովուրդ ջան, էլի ասում եմ՝ 2018-ի մայիսի 8-ին մտել եմ աշխատասենյակ, մայիսի 9-ից մինչ օրս, ամեն օր առանց մի միլիմետր նահանջելու, անցնելով դժոխքի, քովիդի, պատերազմի միջով, ամեն օր կռիվ եմ տվել Հայաստանը տասնամյակներով համակած 23 գլխանի մաֆիայի հետ։ Այս ութ տարիների ընթացքում ես հետրևողականորեն, աննահանջ կտրել եմ այդ մաֆիայի 20 գլուխները, և ահա եկել է այդ մաֆիայի վերջին  3 գլուխները հատելու ժամանակը»։

Փաշինյանը դիմել է իր աջակիցներին ու ասել՝ հունիսի 7-ին ունեմ ձեր աջակցության, ձեր մանդատի, ձեր զորակցության կարիքը։ Ու հորդորել է գնալ ընտրատեղամասեր և իր խոսքով՝«զորակցություն հայտնել  հեղափոխությանը»։

Փաշինյանը հայտարարել է, որ «մաֆիայի մետաստազները» հնարավոր չէ կտրել առանց սահմանադրական կարգավորումների, ը սա է պատճառը, որ  ընտրություններից հետո, քննարկումներով, ժողովրդավարական գործընթացներով պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։

Նա այսօր մեղադրել է դատական համակարգին, ասել է․«Մինչ օրս սևերես ենք ձեր առաջ, դատական մաֆիայի պատճառով  մինչև վերչջ կատարել ձեզ տած մի քանի խոստումներ, մինչև այսօր չենք կարողանում ձեզ հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչո՞ւ է մինչև հիմա ազատության մեջ Ռոբեչտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչու թալանչի օլիգարխները չեն հայտնվել բանտում։ Մեր համբերությունը սպառվել է։ Ժողովուրդը պահանջում է՝ արդարությունն ու արդարադատությունը խիտի կայանա»։

Անդրադառնալով վերջին օրերին ընտակաշառքների բացահայտումներին, Փաշինյանը հայտարարել է․«Ես, որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները, բոլորն՝ առանց բացառության, շատ արագ, ժամերի ընթացքում, հայտնվեն բանտերում։ Մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա։ Այս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ։ Բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները, ընտրակաշառք համակարգողները հայտնաբերվեն, բացահայտվեն, վնասազերծվեն և հայտնվեն բանտերում»։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր ահազնագել է, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ, «սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների իրենց թիմակիցների բազմության մեջ»։

ԲՀԿ-ն այս միջադեպի վերաբերյալ հայտնել է իրավապահ մարմիններին։ ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել՝ կասկած հայտնելով, որ վրաերթի դիմած մեքենայի վարորդը ՔՊ-ական է կամ ՔՊ աջակից․«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»։

Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ն այսօր հայտնել է, որ ահազանգ են ստացել Ներքին Չարբախում վիճաբանության մասին«Մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։ Երեկոյան հայտնի դարձավ, որ համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի վարորդին և ներկայացրել Քննչական կոմիտե։
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ ահազանգեր է ստացել, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։

«Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում»,- հայտնել են կուսակցությունից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի շենքի մոտ քարոզարշավի ժամանակ հայտարարել է՝ երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից:

«Մարդիկ, ովքեր բառակույտ են ասում, բայց քաղաքական միտք չկա, մարդիկ, ովքեր դասերը նոր են սովորում կամ բանավեճի ժամանակ են փորձում դասերն անել, մարդիկ, ովքեր ինչ-որ հանցագործությունների մասին հաղորդումներ են տալիս, թե մարդիկ, ովքեր քաղաքական գաղափարներ և ծրագրեր ունեն ու ուզում են դրանք իրականացնել»,-ասել է Մարուքայանը։
Նա ընտրողներին հորդորել է իրենց քեարկությամբ ձևավորել այնպիսի խորհրդարան, որը ՀՀ քաղաքացիների շահերին է ծառայելու, ոչ թե կորպորատիվ շահերին, սեփական գողոնը պաշտպանելուն, իշխանության սազանդար լինելուն։

«Ուժեղ Հայաստան»-ին ընդրություններին մասնակցելու հնարավոր զրկելու գործընթացի մասին Մարուքյանն ասել է՝ այդ քայլի հետևում կանգնած է գործող իշխանությունների վախը ընտրողների բարձր մասնակցությունից, ինչը կարող է հանգեցնել նրանց պարտությանը։ Ընդդիմախոսներին նախընտրական պայքարից հեռացնելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է արհեստականորեն նվազեցնել բողոքական ակտիվությունը տեղամասերում։

«Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է դրան, դա նշանակում է, որ նա հասկացել է, որ ընտրողների թիվը շատ բարձր է, և դա կարող է հանգեցնել իր պարտությանը»,-ասել է ԼՀԿ առաջնորդը։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ ընդդիմությունը մեծ հնարավորություն ունի գալիք խորհրդարանական ընտրություններում հավաքական ձայներով հաղթանակ տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ։
Նա, պատասխանելով այն հարցին, թե շատերը քննադատում են, որ իր կառավարման տարիներին ևս այլախոհների նկատմամբ անհանդուրժողականություն կար, ասել է․«Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, պայքարում էինք և՛ Ադրբեջանի դեմ Սովետի ժամանակ, և՛ սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։ Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ինձ վրա ազդեցություն չունենալ»։

Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով կապահովվի խաղաղությունը։
Նրա խոսքով՝  Հայաստանում չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որն ունենա այսպիսի փորձ անվտանգության, կառավարման և խոշոր բիզնեսում աշխատանքի ոլորտներում. «Սա եզակի փորձ է, և ես պատրաստ եմ այն, իմ ժամանակը, նյարդերը, ամեն ինչ նվիրել մեր երկրի հաջողությանը։ Այս փորձին ավելացրեք թիմը՝ ուժեղ, համարձակ, պատրաստ՝ արհեստավարժորեն երկիրը դեպի ապագա առաջնորդելու։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք»:

«Բոլորին դեմ եմ»-ը Կարապի լճի մոտ այսօր իրականացրել է, իրենց խոսքով՝ ավարտական՝ «ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիա:
Այս ուժի անդամ Իշխան Գևորգյանն ասել է՝ «Լցնելու ենք մեր բոլորի, մեր ժողովրդի համբերության բաժակը ու ցույց ենք տալու, թե տարիներ ի վեր ինչ է կատարվել մեզ հետ՝ անկախացումից սկսած»։ Ներկայացնելով, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչեր են տեղի ունեցել Անկախությունից ի վեր, Գևորգյանն ասել է, որ «ի վերջո, ժողովրդի համբերության բաժակը շրջվեց, և ջուրը թափվեց»: Նա կոչ է արել դեմ քվեարկել «ստին, կեղծիքին, սուպերվարչապետությանը»։

 «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է՝ ապրիլի 1-ից սկսած  առաքելության ամենաշատ արձանագրված դեպքերը կրթական հաստատությունների և մասնավորապես նաև երեխաների, անչափահասների ներգրավումն է քարոզչական միջոցառումներում։
Երեխաների ներգրավում քարոզչական միջոցառումներում արձանագրվել է իշխող ՔՊ կուսակցության, «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից: «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի և «Միասնության թևերի» հանրահավաքներում ևս նկատել են երեխաների և անչափահասների կազմակերպված մասնակցության դեպքեր:
Վարչական ռեսուրսի օգտագործման մասով արձանագրել են դեպքեր, երբ կառավարության, պետական, համայնքային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ, որոնք եղել են բավականին բարենպաստ և կարող էին առնվազն ընկալվել և ընկալվել են որպես ընտրողների աջակցությունը խթանելու գործողություններ, մասնավորապես՝ կենսաթոշակների, հաշմանդամության նպաստի, աշխատավարձերի բարձրացման հետ կապված նախաձեռնությունները, էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմների ներմուծումը և այլն:

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին արդեն մի քանի օր է` զրկել են զբոսանքի հնարավորությունից, սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Արթուր Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ առումով նման է վրեժխնդրության։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Նա ասել է՝  օրեր առաջ Արթուր Օսիպյանին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և ակնկալվում էր, որ այդ այցից հետո կլուծվեն նրա կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև կբարելավվեն պահման պայմանները։ Սակայն, ըստ նրա, տեղի է ունեցել հակառակը։

Փաստաբանը նաև անդրադարձել է տեղեկություններին, ըստ որոնց՝ Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Նրա գնահատմամբ՝ այդ քննարկումները «կրում են ձևական բնույթ», քանի որ Օսիպյանի կողմից բարձրացված հարցերը լուծում չեն ստանում։

Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Արթուր Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ առումով նման է վրեժխնդրության»,- նշել է նա։

Արթուր Օսիպյանը 18-րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Փաստաբանն  իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է հունիսի 3-ին, որից հոտե ահազանգել էր, որ նրա առողջական վիճակը ծանր է և գնալով վատանում է․«Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա և ամեն օր կարող է ինչ-որ վատ բան պատահել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն 14-րդ օրը օրգանիզմը սկսում է գլյուկոզա ստանալ սրտամկանից։ Եվ սա կյանքի համար արդեն լուրջ սպառնալիք է»։

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։

Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

50–ից ավելի ՀԿ-ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։

Փաստեր ստուգող հարթակները որոշ բացահայտումներ են արել, թե ինչպես են ՌԴ-ում կազմակերպված ձևով հայերի համար ավիատոմս գնում, ուղարկում ՀՀ՝ ընդդմադիր ուժերի օգտին քվեարկելու համար։

Երեկ ուշագրավ հետաքննություններ հրապարակվեցին։ «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։

Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով  Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։ 

CivilNetCheck-ը նույնպես բացահայտել է, թե ինչպես է ռուսաստանյան «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը Տելեգրամի միջոցով ռուսաստանաբնակ հայերի «հաաքագրում», դեպի Հայաստան ավիատոմս գնելու խոստում տալիս, որպեսզի նրանք ՀՀ-ում մասնակցեն քվեարկության։ Հակակառուպցիոն կոմիտեն, հիշեցնենք, քրեական վարույթ է նախաձեռնել Միկա Բադալյանի կողմից ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ։

Նորություններ