ՀՀ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին | Region

ՀՀ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին

Հունիս 22,2026 17:56

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։

ԿԳՄՍ նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առանձնահատուկ կարևորում է պետություն–քաղաքացիական հասարակություն համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և կենսունակ մշակութային քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, իրականացնելով բաց և թափանցիկ մշակութային քաղաքականություն, ամեն տարի դրամաշնորհային ծրագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է տրամադրում մշակութային հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղված են համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և հանրահռչակմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ևս ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորել է համայնքների կարիքների ընկալումն ու դրանց մշակութային ժառանգության պահպանությունը։

Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած մասնագիտական փորձառության։

Այն Հայաստանի երկրորդ հասարակական կազմակերպությունն է, որն արժանանում է նման բարձր միջազգային ճանաչման․ 2020 թ․ հավատարմագրվել էր «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն»  Հ/Կ-ն։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Նորություններ