Սենսացիա ԱԱ-2026-ում. Պարագվայը հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Գերմանիային
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչում իսկական սենսացիա գրանցվեց. Պարագվայի հավաքականը հիմնական և լրացուցիչ ժամանակներում 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, երբ աչքի ընկավ պարագվայցի Խուլիո Էնսիսոն։ Գերմանացիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսի սկզբում. 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում այլևս գոլեր չգրանցվեցին, և հաղթողին որոշելու համար նշանակվեց ֆուտբոլային վիճակախաղ։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն ավելի հաջող դասավորվեց հարավամերիկացիների համար։ Գերմանացիների կազմում իրենց հարվածները չկարողացան անվրեպ իրացնել Կայ Հավերցը, Նիկ Վոլտեմադեն և վճռորոշ հարվածը կատարած Ջոնաթան Տան, որի վրիպումից անմիջապես հետո Խոսե Կանալեն իրացրեց Պարագվայի հաղթական գնդակը:
Այսպիսով, Պարագվայի ազգային հավաքականը սենսացիոն կերպով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիա — Շվեդիա զույգի հաղթողի հետ, իսկ Բունդեսթիմը հրաժեշտ է տալիս մունդիալին։
