Դելիմիտացիա-դեմարկացիայի ընթացքում իրավիճակը կարող է կտրուկ սրվել. ԱԺ պատգամավոր
Երևան-Բաքու բանակցություններում խաղաղության հեռանկարը տեսանելի է: Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Կարող է ստացվել մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն պայմանագիր, բայց դրանում արտացոլված չլինեն այն կարևոր հարցերը, որոնց վերաբերյալ կողմերի մոտեցումները տարբեր են և ենթադրում են տարածքային փոփոխություններ: Կստացվի այնպես, որ ֆորմալ առումով երկու երկրների միջև կլինի պայմանագիր, բայց դելիմիտացիա-դեմարկացիայի ընթացքում իրավիճակը կարող է կտրուկ սրվել և բերել կոնկրետ ռազմական գործողությունների»,-նշում է պատգամավորը:
Հայաստանի ղեկավարությունն, ըստ Աբրահամյանի, ի զորու չէ դիմակայել այն մարտահրավերներին, որոնք այսօր սպառնում են մեր երկրին: «Ադրբեջանը, ըստ էության, ընտրել է հետևյալ սկզբունքը՝ կամ պահանջում, ստանում է այն, ինչի մասին նաև հրապարակային հայտարարում է, կամ սպառնում է գնալ նոր պատերազմի: Մեր խնդիրը այն է, որ չկա Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչ, որը կարող է բանակցել ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի այն երկների հետ, որոնք կարող են Հայաստանին սատարել կամ որևէ կերպ զսպել Ադրբեջանին»,-շարունակում է Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր երկու տարբերակ կա, երկուսն էլ ծանր են լինելու Հայաստանի համար: «Մի կողմից կարող ենք ստանալ Հայաստանի իշխանության նոր զիջումը, որը մեր երկրի համար նոր տարածքային կորուստ է լինելու, կամ Ադրբեջանը կգնա նոր ռազմական գործողությունների, որն իր հետ բերելու է կուրուստներ»: