ՌԴ Պետդումայի ընտրություններում հակապատերազմական թեկնածուներից որևէ մեկը մանդատ չի ստացել․իշխող ուժը ռեկորդային թվով մանդատ կունենա | Region

ՌԴ Պետդումայի ընտրություններում հակապատերազմական թեկնածուներից որևէ մեկը մանդատ չի ստացել․իշխող ուժը ռեկորդային թվով մանդատ կունենա

Սեպտեմբեր 21,2026 17:05

3 օր տևած ՌԴ պետդումայի ընտրությունների քվեաթերթիկների 93%-ի մշակումից հետո այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 58%-ը։ Սա նշանակում է, որ Պետդումայում 450 տեղերից 355-ը կարող է ստանալ  «Եդինայա Ռոսիա»-ն՝ փաստացի ստանալով ահմանադրական մեծամասնություն։  «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատմության մեջ ձևավորվում է ամենամեծ խմբակցությունը: Նախորդ ռեկորդը՝ 343 պատգամավոր, սահմանվել էր 2016 թվականի ընտրություններում: Պետական ​​դումայի նախորդ՝ պատերազմից առաջ գումարման ժամանակ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը բաղկացած էր 324 պատգամավորից:

Meduza-ի փոխանցմամբ՝

  • ՌԴ Կոմունիստական կուսակացությունը ստացել է ձայների 14%-ը
  • ՌԴԼԴԿ (ЛДПР)-ը՝ 9%
  • «Նոր մարդիկ» (Новые люди)-ը՝ 8%
  • «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) –ն՝ 5% (5%-անոց շեմը հաղթահարեց միայն վերջին պահին)։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 59.32%, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Meduza-ի փոխանցմամբ՝ նախագահական վարչակազմը  պետական ընկերություններին և բյուջետային հիմնարկներին հանձնարարել էր իրականացնել «կորպորատիվ մոբիլիզացիա»․ աշխատակիցներին ստիպել են քվեարկել էլեկտրոնային համակարգով (ДЭГ), վերադասները ցուցակներով պահանջել են հաշվետվություն ներկայացնել, իսկ Յակուտիայում ուսուցիչներից պահանջել են հաշվետվություն տալ նաև աշակերտների ծնողների մասնակցության վերաբերյալ:

«Պատերազմի վետերաններ»․ Պետդումա են անցել 86 «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներ, սակայն նրանցից առնվազն 21-ը նախկինում էլ կապված են եղել գործող էլիտայի հետ (պատգամավորներ, պաշտոնյաներ):

«Արդար Ռուսաստան»-ի փրկությունը․ Կուսակցության վարկանիշը ցածր էր, սակայն վերջին պահին Սերգեյ Միրոնովի կուսակցությանը խորհրդարան անցկացնելու համար «ազդանշան է տրվել» անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից:

Ընդդիմություն և «Յաբլոկո»․ «Խելացի քվեարկության» (Умное голосование) կողմից աջակցվող հակապատերազմական թեկնածուներից որևէ մեկը մանդատ չի ստացել: «Յաբլոկո» կուսակցությունը, որին հանել էին Պետդումայի ընտրություններից, անցել է Նովգորոդի մարզի տեղական խորհրդարան՝ դրանով պահպանելով ապագայում առանց ստորագրահավաքի федерал ընտրություններին մասնակցելու իրավունքը («արտոնությունը»):

Քվեարկության վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի սեպտեմբերի 25-ից ոչ շուտ:

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարություն է  տարածել, որի համաձայն՝ բռնակցված Ղրիմում, Սևաստոպոլում և Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի օկուպացված մասերում ընտրությունների կազմակերպումը խախտում է միջազգային իրավունքը և Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ԵՄ-ն ընդգծում է, որ չի ճանաչում և «երբեք չի ճանաչի» օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացումը կամ դրանց արդյունքները։

 

Նորություններ