Դարբնոցում միայն աղջիկներն են
Մասնագիտական հեղափոխության հեղինակները Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհիներն են: Փորձում են քաղաքի հին արհեստը պահպանել ու զարգացնել յուրովի. երկաթն իրենց են ենթարկում ու ժամանակակից դիզայնով հետաքրքիր իրեր պատրաստում: ԲՈՒՀ-ի դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը միակն է ամբողջ տարածաշրջանում, որի առաջին կուրսում 6 ուսանողուհի կա:
Թեև դարբին դառնալը նրանցից շատերի երազանքը չի եղել, բայց տեսնելով, թե դարբնագործությունը որքան հետաքրքիր է, աղջիկները ջանասիրությամբ են սկսել սովորել այն: Հպարտությամբ են պատմում, որ իրենց ուսումնառության տարիները համընկել են այն շրջանի հետ, երբ Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվեց: Համոզված են՝ հին Գյումրվա արհեստը նաև իրենց շնորհիվ հետագայում արվեստի կվերածվի: