Կապանի հյուրանոցներում տեղ չկա. սպասում են Տիգրան Համասյանին | Region

Կապանի հյուրանոցներում տեղ չկա. սպասում են Տիգրան Համասյանին

Ապրիլ 15,2024 12:05

Ջազի հնչյունները «Հող ու ջուր» վերնագրված համերգի շնորհիվ, աշխարհահռչակ Տիգրան Համասյանի կատարմամբ, ապրիլի 21-ին, առավոտյան ժամը 9:05-ից կտարածվեն Խուստուփի լանջերից, կխառնվեն Վաչագան գետին ու կհոսեն Կապանի միջով:

Միայն կապանցիները չէ, որ ցանկանում են վայելել պատմական պահը: Այնինչ Կապանում տեղ չկա: Կապանի հյուրանոցներում այդ օրերի համար վերջին ամրագրումը կատարվել է դեռևս փետրվարին, հյուրատներում, փոքրիկ տնակ-հյուրանոցներում ևս:

Համերգի կազմակերպչական որոշ հարցերով զբաղվող Հարություն Զաքարյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Կապանը պատրաստ չէր այսքան շատ զբոսաշրջրիկների ընդունելու:

«Ամբողջությամբ սպառված են տեղերը Կապանում, Քաջարանում և Մեղրիում: Ոմանց փորձում ենք Գորիսում տեղավորել. դա այնքան էլ հարմար չէ: Երբեմն ինձ կապանցիներ են զանգում, ասում, որ կկարողանան մի քանի հոգու հյուրընկալել: Հյուրերի մի մեծ մաս ստիպված է լինելու վրաններում գիշերել»,-նշեց Հարություն Զաքարյանը:

Կապանցի ակտիվ երիտասարդները ևս փորձում են տեղ գտնել Հայաստանի տարբեր անկյուններից Կապան եկող ծանոթների ու անծանոթների համար: Ֆեյսբուքի կապանյան խմբերում ապրիլի 20-ի համար գիշերակացի փնտրտուքն ամենաշատն է քննարկվում: «Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անի Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարության մեկնաբանություններում քաղաքացիներն առաջարկում են անվճար հյուրընկալել ցանկացողներին:

Տիգրան Համասյանի սպասվելիք համերգն ապացուցեց երկու բան. առաջին՝ լավ երաժշտության կարիքը կա, կա նաև ունկնդիրը, որը պատրաստ է հարյուրավոր կիլոմետրեր կտրել, հասնել Կապան, գիշերել վրանում, որպեսզի վայելի սիրելի կատարողի ստեղծագործությունները, երկրորդ՝ Կապանում հյուրանոցների ու հյուրատների պակաս կա:

Էդիտա Գալստյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

Նորություններ