Հերմոն. սրտում տեղավորվող ծննդավայր | Region

Հերմոն. սրտում տեղավորվող ծննդավայր

Ապրիլ 15,2024 20:26

Հերմոն փոքրիկ գյուղը, որն ունի 214  բնակիչ, գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում։ Այս գյուղի տարեցները տեղաբնիկ չեն. նրանք հիմնականում 1988թ.-ից Նախիջևանի տարբեր գյուղերից, Բաքվից, Սումգայիթից և այլ բնակավայրերից բռնի տեղահանված հայերն են։ Նրանց համար այս գյուղը ապաստան է, երկրորդ հայրենիք, իսկ 1990թ.-ից հետո ծնվածների, այսինքն նաև իմ  համար, Հերմոնը բնօրրան է, ծննդավայր։

Ըստ բժիշկ, մտավորական Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի (Քաջբերունի), այստեղ ապրել են նաև կովկասյան թաթարներ, որոնք 1920թ.-ից անվանվել են ադրբեջանցիներ, հայկական Գրկիք գյուղն էլ կոչել են Ղավուշուղ։ Նախիջևանի հայաթափումից, Բաքվի, Սումգայիթի ջարդերից հետո, երբ գյուղը բնակեցվեց հայերով, 1991թ․-ի ապրիլի 3 ին գյուղը հայեցի այլ անուն է ստացել՝Հերմոն՝ գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերմոնավանքի պատվին։ Հերմոնավանքը միջնադարյան հայտնի դպրավանք է եղել, նույն ինքը՝ Կնեվանքը, որը հիմնադրել են Սյունյաց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը։ Այն հանդիսանում է Հերմոնի այցեքարտերից մեկը։

Եղեգիսի կիրճը, Հերմոնի հետ միասին, միջնադարյան հարուստ պատմական անցյալ ունի: Այն իր համանուն հարուստ քաղաքով, հարակից բնակավայրերով ու վանական համալիրներով գտնվել է Մետաքսի ճանապարհին։ Հնագետների, գիտնականների, վայրի բնության սիրահարների, բնապահպանների, կենդանական ու բուսական աշխարհն ուսումնասիրողների համար այս շրջանը հրաշալի աշխատանքային տարածք է, իսկ ստեղծագործողների, բնության սիրահարների, ժայռաբերդերի, քարափների, լեռնային բույսերի ու գետերի սիրահարների համար ստեղծագործելու, հանգիստ ու բնություն վայելելու հրաշալի միջավայր։

Հերմոնավանքի բարձունքից կարելի է  տեսնել Հերմոնի չնաշխարհիկ բնությունը։ Գյուղով հոսող Արատես գետը և լեռնային անտառները։ Հերմոնը նման է կտավի, որի վրա պատկերված է կյանքը՝ իր փոխկապակցված համակարգերով, որոնք էլ իրենցից ներկայացնում են բնական օրինաչափությունների գեղեցիկ սիմֆոնիա։ Հերմոնը վայր է, որտեղ ծաղկում է կենսաբազմազանությունը, քամու մեջ լսվում տերևների մեղմ շշուկը և զգացվում ամպրոպների՝ ակնածանք ներշնչող ուժը։ Այն ոգեշնչման աղբյուր է նկարիչների, բանաստեղծների և գիտնականների համար՝ իր բարդ նախշերով, վառ գույներով և անթիվ առեղծվածներով։ Այսպիսին է Հերոմոնյան բնությունը։

Մարիամ Մաթևոսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

«Փորձել եմ Հերմոնի գեղեցկությունն ու իմ սերը փոխանցել տեսանյութի միջոցով»:

 

 

 

 

 

Նորություններ