«Իմ դեմ շատ վատ, թատերականացված շոու են կազմակերպում». Գագիկ Հարթենյան
Գյումրիի 3101 փոստային բաժանմունքի երկարամյա ղեկավար Գագիկ Հարթենյանի աշխատանքային պարտականությունները դադարեցվել են 1 ամսով: Վերադասի այս գործողությունը նա իր անձի դեմ ուղղված, թիրախավորված քայլ է որակում: Գագիկ Հարթենյանը փոստային համակարգում է արդեն 24 տարի, 16 տարի՝ ղեկավարի պաշտոնում:
Նրա խոսքով՝ իր դեմ գործողությունները սկսվել են 6-7 ամիս առաջ, երբ «Հայփոստ» ՓԲԸ Շիրակի մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Սերյոժա Շահնազարյանը: Ըստ Հարթենյանի, նա համակարգում ոչ միայն աշխատանքի, այլ նաև կառավարման փորձ չունի, աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ որպես տեսուչ:
Սերյոժա Շահնազարյանի քույրը Գյումրիի 3101 բաժանմունքում է աշխատում: Հարթենյանի խոսքով՝ Շահնազարյանը քրոջ միջոցով փորձում է իրեն հեռացնել համակարգից: Գագիկ Հարթենյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: