Տեղ գյուղում բնակիչները հավելյալ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում՝ սեփական ուժերով | Region

Տեղ գյուղում բնակիչները հավելյալ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում՝ սեփական ուժերով

Ապրիլ 25,2024 14:05

Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում ապրիլի 1-ին և 4-ին թշնամու արձակած կրակոցներից հետո բնակիչները հավելյալ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում. սեփական ուժերով արգելապատնեշներ են կառուցում հանրային նշանակության որոշ շենքերի առջև:

Նազիկ Բաղդասարյան

Համայնքի ավագանու անդամ Նազիկ Բաղդասարյանը REGIONSTV-ի թղթակցին հայտնել է, որ բավականին երկար ժամանակ սահմանին ամեն ինչ հանգիստ էր, կրակոցներ չկային: Բայց օրեր առաջ ադրբեջանցիները գիշերը կրակել էին բնակելի տների վրա, ինչի հետևանքով կոտրվել էին տներից մեկի պատուհանի ապակիները։

Դեպքը տեղի էր ունեցել կեսգիշերից հետո: 5-10 րոպե տևած կրակոցները թիրախավորել էին տան ննջասենյակի պատուհանը, փամփուշտը ներս էր ընկել ու սարսափեցրել քնած մարդկանց:

Տեղ գյուղի բնակիչներն են պատմում, որ թշնամու հենակետերը շատ են մոտեցել իրենց բնակարաններին, որոշ հատվածներում նույնիսկ մի քանի մետր են հեռու: Ասում են՝ բարձր բլուրներից թշնամին միշտ հսկողության տակ է պահում իրենց տները: Ըստ գյուղացիների, ադրբեջանցիներն առաջ տների ուղղությամբ չէին կրակում: Բայց վերջին դեպքերից հետո անվտանգության խնդիրը ոչ միայն Տեղ գյուղում, այլև հարևան բնակավայրերում է սրվել՝ նաև Ոսկեպարում տեղի ունեցող սահմանագծման գործողությունների հետ կապված իրադարձություններով պայմանավորված:

Բնակիչների անհանգստությունը մեծ է նաև այն պատճառով, որ 1 տարի առաջ ադրբեջանցիների կողմից զավթված իրենց հողատարածքները մինչև հիմա չեն վերադարձվել: Տեղ գյուղի 32 տնտեսության մոտ 102 հա վարելահողերը թշնամու տիրապետության տակ են: Մարդիկ սեփականության վկայականները դրել են կողքի ու մնացել անորոշության մեջ: Անցած տարի սեպտեմբերին էր թշնամին զավթել դրանք, բերքը հավաքել չէին հասցրել: Պետությունից ստացել էին միայն կատարած ծախսերի փոխհատուցում: Կառավարությունից ասել են, որ սպասեն, երբ սահմանագծում արվի, այն ժամանակ էլ պարզ կլինի՝ իրենց հողատարածքները վերադարձվելու են, թե՝ ոչ:

Գյուղացիների խոսքով՝ մարդիկ էլ կան, ովքեր չեն կարողանում հիմա վարուցանք անել, որովհետև իրենց հողերը թշնամու նորակառույց հենակետերին շատ մոտ են: Վախենում են հողը մշակել: Իսկ ում հողատարածքը որ համեմատաբար հեռու է դիրքերից, ըստ գյուղացիների, վարուցանք արել է, խնդիրներ չեն եղել:

Դավիթ Ղուլունց

7 բնակավայր միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Դավիթ Ղուլունցի տեղեկացմամբ, համայնքում անվտանգային խնդիրները հիմա շատ սրված չեն, բայց վիճակն ամեն վայրկյան կարող է փոխվել: Տեղի իշխանությունները հիմա ավելի շատ մտածում են գյուղերում առկա խնդիրները լուծելու մասին: Ոռոգման ցանց են կառուցում, Մշակույթի կենտրոնում երեխաների համար նոր խմբակներ են բացվել, Տեղ համայնքում անասնաբուժական կենտրոն է հիմնվելու: Բնակիչները ակնկալում են, որ սահմանամերձ գյուղերի նկատմամբ պետական ուշադրությունը կդրսևորվի նաև ճանապարհների բարեկարգմամբ: Դեպի Խոզնավար տանող ճանապարհը, ըստ համայնքի բնակիչների, խոստացել էին ասֆալտապատել, բայց նրանք դեռ քարուքանդ ճանապարհների հույսին են:

 

         

Կարինե Կազարովա  

Նորություններ