Կապանի որոշ փողոցներ դժվարանցանելի են դարձել. բնակիչներն ըմբռնումով են մոտենում | Region

Կապանի որոշ փողոցներ դժվարանցանելի են դարձել. բնակիչներն ըմբռնումով են մոտենում

Մայիս 02,2024 10:54

 

Կապանի կենտրոնում իրականացվող շինաշխատանքներն անհարմարություններ են ստեղծել վարորդների և անցորդների համար։

Տեղաբնակ Դավիթ Հարությունյանն ընտանիքի հոգսը տաքսի վարելով է ապահովում։ Սակայն, վերջերս մի քանի ուղերթ ստիպված բաց է  թողնում՝ խցանումների պատճառով։ Սա, բնականաբար, նվազեցնում է օրվա աշխատանքի արդյունքը։

Արդեն մոտ երեք ամիս Կապանի Բաղաբերդ թաղամասից մինչև Հունան Ավետիսյան փողոց երթևեկը դժվարանցանելի է դարձել։ Այս հատվածում վերանորոգման և բարեկարգման  աշխատանքների իրականացման պատճառով օրվա տարբեր ժամերին խցանումներ են  առաջանում։

Շինաշխատանքները խնդիրներ են ստեղծում  ոչ միայն վարորդների, այլև անցորդների համար։

«Գիտե՞ք, առաջ եթե ճանապարհն անցնում էի 10 րոպեում, հիմա ստիպված բավականին տարածք շրջանցում եմ, և դա ինձնից 15 րոպեից ավելի ժամանակ է խլում։ Բայց որ գիտեմ ժամանակավոր է և մի քանի ամսից բարեկարգ փողոց ենք ունենալու` ըմբռնումով եմ մոտենում հարցին»,- նշում է Կապանի բնակչուհի Գայանե Սայիլյանը։

Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Արթուր Խաչատրյանը, խոսելով ճանապարհաշինական աշխատանքների մասին, մանրամասնում է. «Այս պահին վերանորոգում ենք Վաչագան գետին կից հատվածը և Նժդեհի փողոցը։ Խնդիրներից խոսափելու համար սկզբից անում ենք ճանապարհի մի կողմը,  այնուհետ հանդիպակաց կողմը, որպեսզի շատ անհարմարություններ  չունենան բնակիչները»։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա աշնանը։

Էդիտա Գալստյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

Նորություններ