«Ես երազում եմ, որ մենք էլ մի օր ունենանք հարմարավետ ֆուտբոլի դաշտ»
Գեղամասարում բնակվող 15-ամյա Սոկրատ Մակարյանի երազանքն ու մտորումները.
«Բարև, ես Սոկրատն եմ, ապրում եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Գեղամասար գյուղում: Ծնողներս 1990 և 1998 թվականներին այս գյուղ են տեղափոխվել Ռուսաստանից և Հրազդանից։ Մեր գյուղը շատ եմ սիրում, այստեղ կարելի է անվերջ երազել, բայց միշտ չէ, որ հնարավորություն ունեմ երազանքիս հասնել:
Ֆուտբոլն իմ ապրելակերպն է, երազանքիս հասնելու լավագույն միջոցը: Մեր գյուղում, ի տարբերություն շատ այլ գյուղերի, աղջիկներն էլ են մեզ հետ խաղում: Մենք հստակ որոշված թիմերի կազմ չունենք, հավաքվում ենք, ընտրում 2 հոգի, ովքեր «ոտք գցելու» միջոցով որոշում են թիմերի կազմերը, «չինգաչունգի» միջոցով էլ որոշում ենք դարպասները, առաջին հարվածի իրավունքը, ու սկսում ենք խաղալ: Խաղում ենք մինչև երեկո: Երբ խաղի կեսից մեզ էլի ընկերներ են միանում, արագ կազմակերպում ենք նրանց դաշտ մտնելը:
Ես երազում եմ, որ մենք էլ մի օր ունենանք սիրուն ու հարմարավետ դաշտ: Մեր խաղադաշտն անմխիթար վիճակում է, ամբողջովին քարերով ու ավազով է լցված։ Վերջերս ընկերներիցս մեկն ընկավ ու ձեռքը կոտրեց։ Հարևան տների կենդանիները՝ հատկապես ոչխարները, մեր ֆուտբոլի դաշտում են արածում: Անկախ նրանից, թե ինչքան դժվար է մեզ համար, միևնույնն է, մենք խաղում ենք ֆուտբոլ, ապրում ենք ֆուտբոլով։
Յուրաքանչյուրս ունենք մեր սիրելի թիմն ու ֆուտբոլիստը: Հիմնականում Մեսսիի երկրպագուներն են, բայց ունենք նաև Ռոնալդուի երկրպագուներ: Ես Լիոնել Մեսսիին եմ երկրպագում և փորձում եմ իմ խաղով նմանվել նրան։ Երկուսս էլ ատում ենք պարտությունը։
Ես ֆուտբոլ դիտում եմ 2022 թ.-ից, երբ Արգենտինայի հավաքականը նվաճեց աշխարհի գավաթը, հենց այդ ժամանակներից էլ երկրպագում եմ նրանց, դա իմ առաջին մունդիալն էր, դիտում էի, թե ինչպես են խաղում:
Ես տարբեր մրցույթների եմ մասնակցել և պատվավոր տեղեր գրավել: Վարդենիս քաղաքում կա մարզադաշտ, որտեղ լավ մարզիչներ են աշխատում, ցավոք, տրանսպորտ չունենալու պատճառով չենք կարողանում այնտեղ մարզվել: Ունենք խաղացողներ, ովքեր կարող են լավ ֆուտբոլիստներ դառնալ, պարզապես մի փոքր աջակցություն է անհրաժեշտ»:
Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)