Գորիսի խարխլվող բազմաբնակարան շենքն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում | Region

Գորիսի խարխլվող բազմաբնակարան շենքն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում

Մայիս 04,2024 15:05

Գորիս քաղաքի Գալստյան 62 հասցեում գտնվող շենքն անմխիթար վիճակում է, ունի տանիքի վերանորոգման խնդիր։ Շենքը ներառված է  2006թ.-ին ստեղծված Սանդի ձոր համատիրության հաշվեկշռում։ 40 բնակարան ունեցող շենքի տանիքից ջուրը լցվում է միջանցքներ և բնակարաններ։

Բնակիչներն անհանգստացած են, երեխաները ոչ միայն խոնավության մեջ են մեծանում, այլև խարխլվող շենքն իրենից վտանգ է ներկայացնում ներս ու դուրս անող երեխաների համար։ Ամեն օր առավոտյան ծնողները երկյուղով են ճանապարհում նրանց  մանկապարտեզ ու դպրոց, քանի որ վախենում են պարբերաբար ընկնող քարերից։

«Շենքի տանիքն ամբողջովին վնասված է, անձրևոտ եղանակներ են ու տանիքից ջուրը լցվում է 4-րդ հարկում բնակվող բնակիչների տներ։ Թեև ամեն ամիս բնակիչներով համատիրությանը գումար ենք վճարում, սակայն դա բավարար չէ խնդրի լուծման համար»,-անհանգստացած նշեց բնակիչներից մեկը։

Խնդրին քաջատեղյակ են  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Բնակիչներից նամակ են ուղարկել նաև նախարարություն։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով  խնդիրը ներկայացվել է  Գորիսի համայնքի ղեկավարին`այն քննարկելու և համապատասխան լուծում տալու առաջարկությամբ։

Գորիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյսնի կողմից  գրություն է ուղարկվել, որում մասնավորապես նշված է. «քննարկվել է դիմումը և հայտնում ենք Ձեզ, որ համատիրության կողմից  շահագործվող նշված բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը  հնարավորության սահմաններում կընդգրկենք 2025թ.-ի սուբվեցիոն ծրագրի մեջ»։

«Առայժմ հայտնի չէ, թե ի վերջո սուբվեցիոն ծրագրով տանիքի վերանորոգման հարցը կլուծվի՞, թե՞ նորից կմնա օդում կախված։ Տունս ամբողջովին նոր ենք վերանորոգել, փոքր երեխա ունենք, գոնե հարցին մի փոքր լուծում տրվի մինչև 2025թ.-ը, որովհետև խոնավության մեջ հնարավոր չէ ապրել»,- խոսքն ավարտեց բնակչուհին։

 

 

Հայկուշ Սարգսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ