Երբ աշխատում ես հրեշտակների հետ, երբեք չես ծերանում. «Սիրի» զարգացման կենտրոնի հիմնադիրը կարծրատիպեր կոտրեց
Մեր գործը հրեշտակների հետ է, նրանց հետ հեշտ էր հաղթահարել անհաղթահարելին՝ ապրել պատերազմի դժոխային օրերն ու շարունակել ժպտալ, որովհետև դա են ստիպում երեխաները, ասում է Գյումրիում գործող «Սիրի» մանկական զարգացման կենտրոնի տնօրենը:
Իսկ պատերազմն իր հետքը թողեց անշուշտ. ոչ ոք փոքրիկներին չասաց՝ ինչ նկարեն, բայց նրանք վերցրեցին մատիտներն ու տանկեր նկարեցին, եռագույնով փարված զինվորներ: Նրանք հասկացան ու զգացին ամեն ինչ:
«Ուրիշ սերունդ է մեծանում»,- ասում է Էլյան՝ հայրենասեր, ուժեղ, խելացի…
«Սիրի» կենտրոնը Էլյա Վարդանյանը հիմնադրեց երեք տարի առաջ, երբ ընդամենը 25 տարեկան էր:
Ասում է՝ երեխաների հետ ինքը երբեք չի ծերանալու: Որքան էլ մեծանա, իրեն միշտ 23 տարեկան է զգալու:
Սկսած գործը բարդ էր ու պատասխանատու: Սկզբում, իհարկե, կային վախեր՝ ինչպե՞ս է կարողանալու գործը գլուխ բերել: Իրեն օգնեցին երեխաները և երեխաների հանդեպ իր սերն ու հոգատարությունը:
Սկզբում կենտրոնի միակ սանը իր բալիկն էր՝ Սիրին, ում անունով և կոչեց կառույցը: Հետո հետզհետե սկսեց իր շուրջ հավաքել այլ երեխաների: Այնքան, որ իր աղջնակը սկսեց խանդել ու խանգարել, երբ մայրիկն իրենից բացի բազմաթիվ բալիկների իր գիրկն ընդունեց:
Ի՞նչը օգնեց, որ զարգացման կենտրոնը կարճ ժամանակահատվածում կարողացավ տասնյակ փոքրիկների ժամանցի կենտրոնը դառնալ: Էլյան ասում է՝ հոգատարությունը, որով պարուրել են կենտրոն ոտք դնող յուրաքանչյուր բալիկի:
Հետո նաև այն աշխատանքը, որը տարվում է յուրաքանչյուր երեխայի հետ, գիտելիքները, որը տալիս են փոքրիկներին, նախադպրոցական տարիքի երեխաներին լիարժեք պատրաստում դպրոց ոտք դնելուն:
Էլյայի համար կենտրոնը բիզնես չէ, այլ ապրելակերպ… առանց երեխաների իր համար բարդ է:
Չնայած տարիքին, կարծրատիպեր է կոտրել. ո՞վ է ասել, թե կինը չի կարող… դժվարություններ ամեն տեղ կան, պատասխանատվությունն այս գործում ահռելի է, բայց ինքը կարողացավ:
Ոլորտում աճող մրցակցությունը Էլյային չի մտահոգում: Ավելին, կարծում է՝ օգնում է զարգանալ, կատարելագործվել, ներդրում կատարել երեխաների մեջ՝ գիտելիքի ներդրում։ Ամենակարևոր գործը՝ բոլոր ժամանակներում: