Մեկ համակարգիչ ու հին սեղան. վանաձորցի կինն ու իր բիզնես աշխարհը | Region

Մեկ համակարգիչ ու հին սեղան. վանաձորցի կինն ու իր բիզնես աշխարհը

Սեպտեմբեր 04,2021 20:00

Պատերազմը Գայանե Սոխակյանի մեջ շատ բան է փոխել:  Ասում է` սեպտեմբերի 27-ին հաջորդած 44 օրերը և հետպատերազմական ծանր շրջանը ստիպեցին վերագնահատել արժեքները. անդառնալի կորուստներից պետք է հետևություններ անենք, վերանայենք մեր սխալները, շտկենք, վերափոխվենք…

Պատկերավոր է նկարագրում՝ մեր տունն այնտեղ է, որտեղ մտնելիս պետք է լինես զգոն, որովհետև հարևաններդ վտանգավոր են: Կա երկու ճանապարհ՝ հեռանալ այդ տնից, գտնել ավելի ապահով վայր կամ հզորանալ, զինվել այնպես, որ տուն մտնելիս այլևս չվախենաս, որ մեկը կարող է քեզ վնասել… Ցավոք, ոմանք ընտրում են առաջին տարբերակը:

Ինքն այլ խորհուրդ ունի՝ մնալ, ստեղծել, արարել՝ երկարաժամկետ հեռանկարով:

Գայանեն ծնունդով Լոռու մարզի Շամլուղ համայնքից է, բայց շուրջ 28 տարի ապրում է Վանաձորում:

Իր օրինակն է բերում. Ճարտագիտական համալսարանում դասավանդելուն զուգահեռ, 2005 թվականին որպես բիզնես գրանցեց այն գործը, որը սիրով էր անում ՝ համակարգչային դասընթացներ, թերթերի ձևավորման աշխատանքներ: Սկսեց մեկ համակարգչով՝ դրված կոտրված սեղանին:

Հետո վարկային միջոցներով Վանաձորի կենտրոնում ձեռք բերեց տարածք, վերանորոգեց այն: Մեկ համակարգիչն ու կոտրված սեղանը հիմա միայն ջերմ հիշողություններ են արթնացնում: Քայլ առ քայլ առաջ է գնացել՝ ընդլայնել գործունեությունը: Հիմա համակարգչային դիզայնի և դասընթացներին զուգահեռ բաժակների, հագուստի վրա տպագրություն են անում: Սա ևս չափազանց հետաքրքիր աշխատանք է վանաձորցի գործարարի համար:

Համավարակի օրերին, երբ տնտեսությունը մեծապես տուժեց, Գայանեին հարցրել են՝ ինչի՞ կարիքը կա:

«Թույլ տվեք աշխատել»,- սա է եղել նրա պատասխանը:

Չնայած միշտ է ակտիվ աշխատել, բայց կարծում է՝ կնոջ տեղը տանն է: Ինքը կարծրատիպեր է կոտրել, բայց այլ կերպ է մտածում: Ավելի շատ սիրում է տանը լինել, զբաղվել երեխաներով, տան գործերով: Երբեք ամենագլխավոր աշխատանքից չի հոգնում:

Իսկ ստեղծածը դանդաղ է կարողանում զարգացնել: Խոչընդոտները շատ են, որոնք չեն թողնում գործարարին արագ հաջողություններ արձանագրել: Ճիշտ այնպես, ինչպես իր տանն է վերաբերվում, այդպես էլ բիզնեսին:

Այդպիսի խնամքով և հոգատարությամբ պետք է վերաբերվել նաև քաղաքին ու երկրին: Դա է զարգացման միակ ճանապարհը:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ