Փոքրիկ Լառան չէր էլ կարող երազել, որ տարիներ անց սեփական հարսանեկան զգեստը ինքն է կարելու | Region

Փոքրիկ Լառան չէր էլ կարող երազել, որ տարիներ անց սեփական հարսանեկան զգեստը ինքն է կարելու

Սեպտեմբեր 18,2021 20:00

Փոքր հասակում Լառան չէր էլ կարող երազել, որ սեփական հարսանեկան զգեստը հենց ինքն է մոդելավորելու և կարելու: Ինչպես իր ստեղծած բոլոր զգեստները, իր զգեստն էլ ինքնատիպ ու շքեղ է:

Լառա Սիմոնյանը 𝙇𝙖𝙧𝙖’𝙨 𝘼𝙩𝙚𝙡𝙞𝙚𝙧 նորաձևության սրահի հիմնադիրն է: Մասնագիտությամբ մոդելավորող է: Չնայած երիտասարդ տարիքին՝ բարդ գործերից երբեք չի խուսափել: Սովորել և աշխատել է Երևանում, տարբեր նորաձևության սրահներում:

Հետո մտածել է, որ չկա Վանաձորում նորաձևության կենտրոն, որն իր ուրույն ձեռագիրը կունենա, մասնագիտացված կլինի հարսանեկան և երեկոյան զգեստների պատրաստմամբ:

Կենտրոնը հիմնադրեց 2018 թվականին: Սկիզբը բարդ էր, անդադար ներդրումներ ու ջանքեր… Գիշեր ու զոր մաշեցնող աշխատանք: Արդյունքը միայն հիմա՝ գործունեության չորրորդ տարում է զգում Լառան: Գոհ է:

Այս ընթացքում բազմաթիվ նախատինքներ է լսել՝ քեզ պե՞տք է այդքան աշխատել: Կամուսնանաս կգնաս…

Նա շնորհակալ է մայրիկից: Հենց մայրն է եղել իրեն թիկունքից առաջ մղողը, իր խենթ երազանքներին հավատացողը…

Հիմա էլ աշխատում է առանց հանգստի: Լավագույն դեպքում մեկ օր պահանջվի հոգնածությունը հաղթահարելու համար:

Ամենակարևոր գնահատականն իր համար այն է, որ հաճախորդը հայելու առաջ կանգնած ժպտա, հավանի այն զգեստը, որը կենտրոնում են ստեղծում՝ թիմային և որակյալ աշխատանքի արդյունքում:

Եթե պատերազմից առաջ երբեմն մտածել է կարիերան այլ տեղ շարունակելու մասին, հիմա ճիշտ հակառակը: Պատերազմը, ծանր կորուստները փոխեցին Լառայի պլանները:

Ունի երազանքներ՝ կապված հայրենիքի հետ՝ ունենալ ստեղծող, այլ ոչ թե սպառող հասարակություն:

Երազում է նաև հավաքածու ունենալու մասին: Հիմա է, որ ավելի շատ է մտածում այդ մասին: Ասում է՝ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Պահը՝ անձնական հավաքածու ստեղծելու, միայն նոր է հասունացել:

Լառան մի փոքր թարմացած է ուզում տեսնել սիրելի քաղաքը: Եթե յուրաքանչյուրն իր նման գնա ընդառաջ երազանքներին, կփոխի իր միջավայրը, քաղաքը, երկիրը, գույն կավելացնի… Իր ավելացրած գույնը հարսանեկան զգեստի ձյունաճերմակ սպիտակն է…

Նորություններ