Հյուսիսից եկած հարսնացուին ի՞նչն ամուր կապեց Հայաստանի հետ
Ռուսաստանցի Տատյանա Կապրանովան, տարիներ առաջ ամուսնանալով հայազգի տղամարդու հետ, սիրեց Հայաստանն այնպես, որ էլ երբեք մտքով չանցավ հետ վերադառնալ: Ինչպես ինքն է պատմում ԳԱԼԱ-ին, Հայաստանի հետ ավելի ամուր իրեն հենց սերը կապեց:
Իսկ սիրելի ամուսինը՝ Արմենակ Պետրոսյանը, արեց ամեն ինչ, որ Տատյանան կապվի Հայաստանի դրախտային բնության հետ այնպես, որ կինն իրեն հայրենիքից հեռու էլ լիակատար երջանիկ զգա, շրջապատված լինի սիրով և ջերմությամբ, ունենա սիրելի զբաղմունք:
Վանաձորից ոչ շատ հեռու նրանք միասին հիմնել են հյուրատուն, ամառային ճամբար, սկաուտների ժամանցի համար հավաքատեղի: Տարիների ջանք ու աշխատանք է պահանջվել՝ տարածքը մաքրելու, կիսաքանդ շինությունները վերակառուցելու համար: Բայց Տատյանան անտրտունջ, մշտապես հուսադրող ժպիտը դեմքին հիմնել է տնտեսություն, սովորել ավանդույթները, յուրացրել մշակույթը, սիրել բնությունն ու մարդկանց:
Ռեժիսորի մասնագիտություն ստացած Տատյանա Կապրանովան սկսել է իրեն դրսևորել սպասարկման ոլորտում: «Թեժ լեռ՝ Տանյայի մոտ». այսպես են անվանել հյուրատունը, որն իր հարկի տակ բազմաթիվ մարդկանց է ընդունել ու ճանապարհել:
Աշխատանքի արդյունքը տան պատերին փակցված բազմաթիվ շնորհակալագրերն են, նկարներ՝ արված երեխաների կողմից, ովքեր ամառն անցկացրել են այս ճամբարում և սիրելի Տանյայից բաժանվել արցունքն աչքերին: