Պարզաբանումներ՝ կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ | Region

Պարզաբանումներ՝ կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ

Մայիս 14,2024 11:14

Թաթոյան հիմնադրամը ներկայացրել է մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ`

Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները.

– բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,

– լռելը,

– իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

– փաստաբանի իրավունքը,

– բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

– իրավունքների մասին ծանուցվելը:

Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:

Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:

Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկված անձն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից:

Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:

Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին:

Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:

Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:

Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր:

Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում’ բացառապես:

Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը’ իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար:

Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ:

Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ:

Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են:

Նորություններ