«Ո՞նց կրակեմ, բոլորը մերոնք են». «Զանգեզուր» ֆիլմում նկարահանված գորիսեցի Բաբունը | Region

«Ո՞նց կրակեմ, բոլորը մերոնք են». «Զանգեզուր» ֆիլմում նկարահանված գորիսեցի Բաբունը

Մայիս 14,2024 12:45

«Թե որ ներքև գնամ, մերոնց վրա եմ կրակելու, թե որ վերև գնամ, էլի պտի մերոնց վրա կրակեմ, ո՞նց անեմ»։

«Զանգեզուր» ֆիլմի այս հայտնի խոսքերով են ճանաչում գորիսեցի Բաբուն Տիգրանին։ Երբ 1938թ.-ին նկարահանում են «Զանգեզուրը», Տիգրանը նույնպես նկարահանվում է այդ ֆիլմում։

Տիգրան Բաբայի Քարամյանը ծնվել է 1893թ.-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Բաբունի թոռը՝ Սիլվան, պատմում է, որ պապը շատ էր սիրում թութ ուտել: «Հարևանների հետ միշտ մրցում էր, թե ով ավելի շատ թութ կուտի, պապս էլ միշտ հաղթում էր, դրա համար երբեմն նրան «թութ ուտող» էին ասում։ Պապիս պապի անունը Բաբա էր, դրա համար էլ պապիս Բաբուն են կոչել»,- նշում է նա՝ փորձելով հիշել պապի հետ անցկացրած մանկությունը։

Առօրյա գործերից կտրեցինք հարևաններից մեկին՝ Կարինե Մանանյանին, ով Տիգրանի անունը լսելով՝ մտքերի մեջ ընկավ.

«Հարևան Այինկա Կարապետի հետ գնում էր գերեզման փորելու. 1968թ.-ից նրանք եղել են քաղաքի գերեզման փորողները»,-նշում է տիկին Կարինեն։

Բաբունը շատ վառ էր տպավորվել նրա հիշողությունների մեջ։

«Տիգրանը բահն ու քլունգը ուսին, փնթփնթալով գալիս էր, Կարապետին Պապաշա էր անվանում։ Նրանք տան դիմաց մի քար ունեին. Տիգրանը նստում էր այդ քարին ու մտիկ անում անցորդներին: Թոռը`Ժիրայրը,  2002թ.-ին իր նորածին որդուն անվանակոչեց Տիգրանի անունով, նա ևս Բաբուն մականունն է կրում»,- ավելացնում է Կարինե Մանանյանը։

Տիգրանի տանն այսօր բնակվում են նրա սերունդները։ Առաջին հարկում ամեն ինչ թողել են այնպես, ինչպես կառուցել էր Տիգրանը։

89-ամյա Մարուսյա Սարդարյանը մանրամասներ հիշեց Տիգրանի կյանքից. «Աղքատ մարդ էր, բայց դրա հետ մեկտեղ բաց սիրտ ուներ, ուրիշի հոգսը իր հոգսն էր համարում։ Հարևանասեր, հանգիստ մարդ էր, իր օրվա հացով  ու ջրով ապրող»։

Բաբունի նկարները, թողած գրությունները մինչ օրս էլ պահում են ընտանիքի անդամները։ Տիգրան Բաբայի Քարամյանը մահացել է 1969 թվականին, թաղված է Գորիսի քաղաքային գերեզմանատանը:

  

Միլլանա Լալայան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

Նորություններ