ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել, որով տեղափոխում էին Ուկրաինայի ԶՈւ գերեվարված 65 զինծառայողի
Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ինքնաթիռը տեղափոխում էր ուկրաինական զինված ուժերի գերեվարված զինվորականներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օդանավում գտնվել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի շրջան, նաեւ ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 11։00-ի սահմաններում։ Ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ Օդատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ միջադեպի մանրամասներն ու պատճառները պարզելու համար։
Տեղի բնակիչները հայտնել են հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման մասին։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կորոչանսկի շրջանում։ Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչներն ու փրկարարները։ Գլադկովը նույնպես դեպքի վայրում է։