Շիրակում բուքը չի դադարում, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, ստացվել են հարյուրավոր ահազանգեր | Region

Շիրակում բուքը չի դադարում, որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, ստացվել են հարյուրավոր ահազանգեր

Հունվար 24,2024 17:27

Շիրակի մարզում բուքը չի դադարում, որի հետևանքով ներմարզային որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են: Երթևեկության համար բարդ իրավիճակ է ստեղծվել հիմնականում Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքներում: Վարորդներին պատասխանատուները հորդորում  են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների շահագործման ընկերության գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչոյանը RegionsTV-ին հայտնեց, որ այս օրերին 9-11 ծառայությունը մոտ 200 զանգ է ստացել  բնակիչներից, մի մասը ճանապարհներին մնացած ավտոմեքենաների մասին: Ըստ նրա՝ ահազանգեր են եղել նաև Աշոցքի «Ձորի գյուղեր» կոչվող բնակավայրերից: Այս ուղղությունը, նաև Ամասիայից դեպի Արփի լճի հեռավոր գյուղեր տանող ճանապարհները, ըստ Քոչոյանի, տեւական բուքի դեպքում իրենք հաճախ չեն էլ բացում, որպեսզի արհեստական խցանումներ չառաջանան: Դեպի այդ ուղղություններ ձյուն մաքրող տեխնիկան դուրս բերում են միայն բնակիչներից ահազանգեր ստանալու դեպքում:

«Արթիկի ճանշին»-ի տնօրեն Վահագն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դժվարանցանելի է մնում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, որտեղ մի քանի գյուղեր կան: Ճանապարհները բքի ժամանակ նույնպես մաքրում  են, որովհետև, ըստ տնօրենի, եթե սպասեն, ապա մայրուղին կփակվի ու գյուղերը կկտրվեն արտաքին աշխարհից:

«Անիի ճանշին»-ի  հերթապահ Ալեքսան Գալոյանն էլ տեղեկացրեց, որ Անի համայնքում դժվարանցանելի է հիմնականում  Լանջիկի հատվածը: Ճանապարհին մնացած մեքենաների մասին ահազանգեր ընկերությունը ստացել է նաև Թալինից: Բայց, ըստ նրա, Թալինը իրենց սպասարկման տիրույթում չէ:

Ալեքսան Քոչոյանի տեղեկացմամբ՝ անցած տարվա համեմատ, ճանապարհների ձմեռային սպասարկման համար այս տարի 7-8 տոկոսով ավելի գումար է հատկացվել: Սպասարկում են Աշոցքի, Ամասիայի հանրապետական և մարզային ենթակայության ավտոճանապարհները: Ճանշինների տիրույթից դուրս է միայն գյուղամիջյան ավտոճանապարհների մաքրումը: Այդ պարտականությունը դրված է համայնքապետարանների վրա: Գաղտնիք չէ, որ խոշորացումից հետո էլ համայնքապետարանները չունեն  բավարար տեխնիկա, որ կարողանան 20-30 գյուղի փողոցներ մաքրել: Լավագույն  դեպքում գործում է 1-2 միավոր տեխնիկա:

Ի դեպ, այս  խնդիրը լուծում չի ստանում երկար տարիներ: Ամեն անգամ ձյան տեղումներից հետո գյուղամիջյան ճանապարհները բաց պահելու համար գյուղապետերը դիմում են ճանշիններին, որոնք գլխավոր մայրուղիները մաքրելուց հետո են միայն արձագանքում նրանց խնդրանքին:

Շիրակի մարզի ավտոմայրուղիներին այս օրերին, ըստ պատասխանատուների, աշխատել է ավելի քան  22 միավոր տեխնիկա, ճանապարհները նաև աղով ու ավազով են մշակվել:

Կարինե Կազարովա

Նորություններ