Սահմանից մինչեւ մայրաքաղաք, գյուղից՝ մարզկենտրոն. ի՞նչ այլընտրանք է առաջարկում Ռեգիոն 5+-ը. առաջին թողարկումը՝ նոր նախագծի ու գործընկերների մասին
Հայաստանում ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ՝ 5 մեդիա կառույցի համագործակցությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի տարբեր կետերից՝ հյուսիսից հարավ, օբյեկտիվ, բազմակողմանի եւ այլընտրանքային տեղեկատվության տրամադրումն է, կարեւորագույն խնդիրների վերհանումն ու դրանց լուծման ճանապարհների փնտրտուքը:
Ռեգիոն 5+-ի 5 գործընկերները՝ Երեւանի Ա1+, Լոռու մարզի ՄԻԳ, Արմավիրի մարզի ԱԼՏ, Շիրակի մարզի ԳԱԼԱ հեռուստաընկերությունները և Սյունիքի մարզի Գորիսի Մամուլի ակումբը, յուրաքանչյուր շաբաթ կանդրադառնան իրենց տարածաշրջանում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝սահմանային վերջին կետից մինչեւ մարզկենտրոն, տեսանյութերով կներկայացվեն ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային եւ այլ կարեւորագույն խնդիրներ, կլինեն բացառիկ տեսանյութեր՝ տեղեկատվական, վերլուծական նյութերով, նոր բացահայտումներով, մարդկային պատմություններով:
Շաբաթական մեկ թողարկումը հանրությանը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել երկրում այդ պահին տիրող իրավիճակից, օբյեկտիվ եւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալ բոլոր մարզերից, ամենահեռավոր շրջաններից:
Ինչպե՞ս ծնվեց նոր ձեւաչափով համագործակցության գաղափարը եւ ի՞նչ է այն տալու լսարանին:
Անդրանիկ թողարկումը համագործակցող մեդիա կառույցների մասին է: Որո՞նք են Հայաստանում ԶԼՄ-ների հիմնական խնդիրները, ի՞նչ ունենք այսօր՝ լիցենզավորման մրցույթից մեկ տարի անց, եւ դաշտն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել 2018թ.-ից հետո:
Մանրամասները դիտեք անդրանիկ թողարկումում եւ հետեւեք մեզ Ռեգիոն 5+ մեդիա հարթակի ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում: