Եղեգնաձորում Տանկի բլուրի հետնապատը փլուզվել է
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանը Եղեգնաձորում կառուցվել է 1985թ․ին։ Տարածքում տեղադրված տանկը ոչ միայն մասնակցել է Հայրենական պատերազմին, այլև 1990–ականների հայ-ադրբեջանական պատերազմին, որից հետո, շարժիչը հանված վիճակում, կայանել է հուշարձանում նախատեսված իր տեղում։
Այսպիսով, այս հուշարձանը, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման տարեդարձների հետ միասին, իրական եռատոնի հուշարձան էր եղեգնաձորցիների համար՝ մինչ վերջին տարիների իրադարձությունները։
Ինչևէ, մայիսի 9-ին այստեղ կրկին պաշտոնյաների ու քաղաքացիների կողմից ծաղիկներ խոնարհվեցին՝ ի հիշատակ հաղթանակներ կերտող մեր հայրենակիցների։
Սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց հուշարձանին կից փլուզված հետնապատին։ Մինչ տեսանելի հարթակում դրված ծաղիկները թոշնում են, հետնամասում փլուզված պատի վրա արմատակալում և ծաղկում են մասրենին ու վայրի սխտորը՝ քիչ-քիչ ավելացող աղբի կողքին։
Թերևս մեր հաղթանակներն ավելի հարատև լինեն, իսկ պետությունն ավելի ամուր, եթե մենք ուշադիր լինենք և ժամանակին ամրացնենք մեր փլուզվող «հետնապատերը»։
Եղեգնաձորը մեծ քաղաք չէ, այս հուշարձանն էլ այցեքարտերից մեկն է, և պատկան մարմինները պետք է ուշադրության արժանացնեն համալիրին՝ որպես մեր պապերի, հայրերի, եղբայրների ու քույրերի կյանքերի գնով մեզ հասած հայրենիքի, հաղթանակների ու խաղաղության մասին վկայող ժառանգություն։